Ալանխեի ամրոց (իսպ.՝ Castillo de Alange), պաշտպանական կառույց Իսպանիայի Բադախոս պրովինցիայի Ալանխե մունիցիպալիտետում: Տեղակայված է ծովի մակարդակից 485 մետր բարձրության վրա՝ Սեռո դե Կուլեբրա ապառաժուտ լեռան վրա, այդ պատճառով էլ կոչվում է նաև ամրոց դե լա Կուլեբրա: 1949 թվականի ապրիլի 22-ին հայտարարվել է Իսպանիայի պատմական հուշարձան: Ներկայում գտնվում է ավերված վիճակում, սակայն բաց է այցելության համար:
Ալանխեի ամրոցը կառուցվել է Իսպանիայում հռոմեական տիրապետության տարիներին: Այդ ժամանակ այն կոչվել է Castrum Colubri, որտեղից էլ ծագում է Կուլեբրա անունը: Տեղակայված լինելով հարթավայրից 200 մետր բարձրություն ունեցող ժայռի վրա՝ ամրոցը իշխող դիրք ունի Ալանխե գյուղի ու նրա շրջակա տարածության նկատմամբ: Ամրոցից երևում են Մերիդան և Մատաչել ու Գվադիանա գետերի միախառնման վայրը (հյուսիսում), ինչպես նաև Ալանխեի հարթավայրն (արևմուտքում) ու ճահիճների հյուսիսային հատվածները (հարավում):
Պիրենեյան թերակղզին գրավելուց հետո արաբները վերակառուցել են ամրոցը և կոչել Խինկս-ալ-Խանաշ: Հետագայում ամրոցի անունը փոփոխությունների է ենթարկվել ու դարձել ալ-Անխ: 1243-1245 թվականներին ամրոցն անցել է Սանտյագոյի օրդենի տիրապետության տակ, որն այն օգտագործել է մինչև 1550 թվականը, ինչից հետո ամրոցը լքվել է: Այն, ինչ պահպանվել է ներկայում, ստեղծվել են քրիստոնեական տիրապետության տարիներին կատարված վերակառուցման ժամանակ: Ներկայում պահպանվում են մասնավորապես Պատվո աշտարակն ու պատերի մի մասը, ինչպես նաև Արևի դարպասները, որով կարելի է ամրոց մտնել Ալանխեի կողմից: Ամրոցի ավերակներում կարելի է առանձնացնել Օրնաչոս ու Մոնտեմոլին բերդերը:
Ամրոցը կառուցված է իսլամական ոճով: Ներկայում առավել ակնառու են քրիստոնեական տիրապետության շրջանում կատարված փոփոխությունները: Պատերի մի մասն ու որոշ հատվածներ կառուցված են աղյուսից: