Ալկատրաս (անգլ.՝ Alcatraz ˈælkəˌtræz), իսպաներենից թարգմանաբար նշանակում է հավալուսն: Հայտնի է նաև Ռոք (անգլ.՝ The Rock-ժայռ) անունով: Կղզի, որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյի շրջանում: Վարչականորեն պատկանում է Կալիֆոռնիա նահանգին:
Կղզու տարածքը օգտագործվել է որպես պաշտպանական ամրոց, հետագայում ռազմական բանտ, ապա՝ որպես խիստ պաշտպանության բանտ՝ վտանգավոր հանցագործների և նրանց համար, ովքեր փորձել են փախչել նախկին կալանավայրերից: Ներկայումս այդ բանտը չի գործում, կղզին վերածվել է թանգարանի:
1775 թվականին իսպանական նավը՝ Խուան Մանուել դե Այալայի գլխավորությամբ, մտավ Սան Ֆրանցիսկոյի ծովածոց: Նավի անձնակազմը կազմում է ծովախորշի քարտեզը: Կղզուն տալիս են Լա Իսլա դե լոս Ալկատրասես անունը (իսպ.՝ La Isla de los Alcatraces : Այն կոչվում է նաև «Հավալուսնների կղզի»՝ կղզում այդ թռչունների մեծ քանակի պատճառով: Թռչնաբանների հաշվետվությունների համաձայն՝ ո՛չ կղզում, ո՛չ էլ կղզու հարևանությամբ չկան հավալուսններ, բայց այստեղ կան տարբեր տեսակի բազմաթիվ թռչուններ, ինչպես նաև ջրագռավներ: Կղզին հայտնի է հատկապես որպես կալանավայր՝ «Island Alcatrazes» անունով: 1851 թվականին ԱՄՆ-ի գվարդիականները կրճատում են կղզու անունը և դարձնում Ալկատրաս:
Կալիֆոռնիայում ոսկու հայտնաբերումը 1848 թվականին բազմաթիվ նավեր բերեց Սան Ֆրանցիսկո: Փարոս կառուցելու անհրաժեշտություն առաջացավ: 1853 թվականի գարնանը Ալկատրասում կառուցվում է առաջին փարոսը: 1856 թվականին փարոսի վրա տեղադրվում է զանգ՝ մառախուղի ժամանակ կողմնորոշվելու համար:
1909 թվականին՝ բանտի կառուցման ընթացքում, 56 տարի օգտագործելուց հետո, առաջին փարոսը ապասարքավորվում է: Երկրորդ փարոսը կառուցվում է 1909 թվականի դեկտեմբերի 1-ին՝ բանտի շենքի կողքին: 1963 թվականին փարոսը փոխում են և դարձնում ավտոմատ, և այն այլևս շուրջօրյա հսկողություն չէր պահանջում:
Ոսկու հայտնաբերումը անհրաժեշտություն առաջացրեց պաշտպանել ծովածոցը: 1850 թվականին ԱՄՆ նախագահի հրամանով՝ կղզու վրա սկսվում է ամրոցի կառուցումը, որտեղ տեղադրվում է ավելի քան 110 հեռահար թնդանոթ: Հետագայում բերդը օգտագործվում էր բանտարկյալների համար: 1909 թվականին բանակը քանդեց այն՝ թողնելով միայն հիմքը, իսկ 1912 թվականին բանտարկյալների համար կառուցվեց նոր շենք:
Սառը ջուրը և ուժեղ ծովային ալիքները ապահովում են կղզու մեկուսացումը: Այդ պատճառով ԱՄՆ կառավարությունը Ալկատրասը համարեց իդեալական վայր՝ ռազմագերիներին պահելու համար: 1861 թվականին կղզի բերվեցին առաջին ռազմագերիները, ովքերք մասնակցել էին Ամերիկայի քաղաքացիական պատերազմին, իսկ 1898 թվականին՝ իսպանաամերիկյան պատերազմի արդյունքում, ռազմագերիների թիվը 26-ից հասել է ավելի քան 450-ի: 1906 թվականին՝ Սան Ֆրանցիսկոյի երկրաշարից հետո, երբ ավերվել էր քաղաքի մեծ մասը, հարյուրավոր քաղբանտարկյալների տեղափոխում են կղզի: 1920 թվականին երեքհարկանի շենքը ամբողջությամբ լցվում է բանտարկյալներով:
Ալկատրասի բանտը կարողացավ մեծ հեղինակություն ձեռք բերել իր խստապահանջ լինելու և կարգապահության շնորհիվ: Բանտում կարգուկանոնը խախտողները պատժվում էին: Նրանց ստիպում էին ծանր աշխատանքներ կատարել, ուղարկում էին մեկուսարաններ, սահմանափակ քանակով էին տալիս հաց, ջուր և այլն:
Ձերբակալված զինծառայողների միջին տարիքը 24 տարեկանն էր: Մեծամասնությունը ձերբակալվել էր դասալքումների կամ ավելի փոքր հանցանքների համար: Կային այնպիսի զինծառայողներ, ովքեր ձերբակալվել էին հրամանատարների հրամանները չկատարելու, գողության, սպանության, ֆիզիկական բռնություն կատարելու համար:
Չնայած հանցագործների հանդեպ իրականացվող ծանր կարգապահական միջոցներին՝ բանտային ռեժիմը այդքան էլ խիստ չէր: Բազմաթիվ ձերբակալվածներ աշխատանքներ էին կատարում կղզու բնակիչների տներում, երբեմն էլ բանտարկյալներ էին ընտրվում երեխաներին հսկելու համար: Ոմանք էլ օգտագործում էին առիթը՝ բանտից փախչելու համար, սակայն հասնելով ափ՝ նրանք կրկին հետ էին վերադառնում՝ սառը ջրից խուսափելու համար, որոշներն էլ փորձում էին անցնել սառը ջրի միջով և մեռնում էին ցրտահարությունից:
Աստիճանաբար մեղմանում է բանտի կարգուկանոնը: 1920-ական թվականների վերջերին արդեն բանտարկյալներին թույլատրում են կառուցել բեյսբոլի դաշտ, և բանտարկյալներն էլ իրավունք ունեին հագնելու բեյսբոլի հագուստ: Ուրբաթ երեկոյան կազմակերպվում էին բռնցքամարտի մրցույթներ: Այդ մրցույթները շատ հետաքրքիր էին, և նույնիսկ Սան Ֆրանցիսկոյից մարդիկ էին գալիս՝ մրցույթներին մասնակցելու համար: 1934 թվականին որոշվեց Ալկատրասը այլևս չօգտագործել որպես ռազմական բանտ: Բանտի շենքը անցնում է կառավարությանը:
1920-1930-ական թվականներին բարձրացել էր հանցագործությունների մակարդակը, և սկսվել էին կազմակերպված հանցագործությունները: Քաղաքներում գանգստերները և մաֆիոզները մեծ իշխանություններ ունեին: Շատ պաշտոնյաներ կաշառք էին վերցնում և աչք փակում կատարված հանցագործությունների վրա: Ի պատասխան գանգստերների հանցագործություններին՝ որոշվում է վերաբացել Ալկատրաս բանտը, բայց արդեն որպես դաշնային բանտ: Հիմնական նպատակն էր վտանգավոր հանցագործներին հասարակությունից մեկուսացնելն ու վախեցնել այն հանցագործներին, ովքեր դեռևս գտնվում էին ազատության մեջ: Սանֆորդ Բեյթսը և գլխավոր դատախազ Հոմեր Քամինգսը նախաձեռնում են բանտային նոր ծրագիր: Բանտի վերափոխման համար հրավիրվում է Ռոբերտ Բուրջը՝ այդ տարիների անվտանգության լավագույն մասնագետներից մեկը։ Վերակառուցման ընթացքում հիմքը մնաց, սակայն շենքի տեսքը ամբողջությամբ փոխվեց: 1934 թվականին ռազմական բանտը ամբողջությամբ փոխվում է: Շենքն ամբոջությամբ բետոնապատվում է, էլեկտրականությամբ ապահովվում են բոլոր խցերը, փակվում են բոլոր թունելները՝ հանցագործների փախուստը կանխելու համար: Բանտի ճաշարանը հանդիսանում էր ամենախոցելի տեղը կռիվների համար: Դռները աշխատում էին էլեկտրական սենսորներով: Բանտում կային 600 խցեր, որոնք բաժանված էին А, B, C և D բլոկների: Մինչև բանտի վերակառուցումը՝ բանտարկյալների թիվը այդքան էլ շատ չէր: D բլոկը ամենավտանգավոր բլոկն էր համարվում, որովհետև այստեղ էին գտնվում առավել վտանգավոր հանցագործները: Նոր կանոնների ստեղծումը, Սան Ֆրանցիսկո ծովածոցի սառը ջրերը, կառուցված արգելապատերը խոչընդոտում էին բանտարկյալների փախուստը:
Նոր բանտը ղեկավարելու համար անհրաժեշտ էր նոր ղեկավար: Դատապարտյալների դաշնային բյուրոն ընտրում է Ջեյմս Ջոնսթոնին (անգլ.՝ James A. Johnston): Ջոնսթոնը ընտրվում է իր խստության և մարդասիրական վերաբերմունքի շնորհիվ: Նա ամեն կերպ ցանկանում էր փոխել բանտարկյալների մտածելակերպը և նրանց վերադարձնել հասարակություն: Նա հայտնի էր նաև բանտարկյալների օգտին կատարած բարեփոխումների շնորհիվ: Ջոնսթոնը մտածում էր, որ բոլոր հանցագործներին պետք է տալ որոշ աշխատանքներ և նրանց պարգևատրել դրա համար: Որոշ բանտարկյալներ՝ Ջոնսթոնի գլխավորությամբ, մասնակցում էին Կալիֆոռնիայի մայրուղիների վերակառուցման աշխատանքներին: Ճիշտ է, նրանք այդ աշխատանքների համար գումար չէին ստանում, բայց ցուցաբերած ջանասիրության համար կրճատվում էր նրանց՝ բանտում մնալու ժամանակամիջոցը:
Մինչև Ալկատրասի ղեկավար դառնալը՝ Ջոնսթոնը աշխատել էր Սան-Կվենտին բանտում: Այդ ամենի հետ մեկտեղ Ջոնսթոնը խիստ կարգապահության կողմնակից էր: Նրա կանոնները ամենաբարդն էին, իսկ պատիժները՝ ամենախիստը: Ջոնսթոնը գիտեր, թե ինչպես պետք է վարվել նույնիսկ ամենավտանգավոր հանցագործների հետ: