Բելվեդեր (իտալ.՝ Belvedere), բարոկկո ոճով պալատական համալիր Վիեննայում։ Կառուցվել է 18-րդ դարի սկզբին Լուկաս ֆոն Գիլդեբրանդտի կողմից որպես ամառային նստավայր արքայազն Եվգենի Սավոյացու գահակալման ժամանակների մեծագույն գեներալներից մեկի համար։ Արքայազնի մահից հետո Բելվեդերը գնել է Մարիա Թերեզան։ Գտնվում է Լանդշտրասսե փողոցի վրա, քաղաքի երրորդ շրջանում, կենտրոնից դեպի հարավ արևելք։ Վերին և Ներքին Բելվեդերները կտրտված այգու հետ կազմում են բարոկկո ոճի հիանալի համալիր։ Ներկայումս երկու ամրոցներում է գտնվում Ավստրիական պատկերասրահը։ 1941 թվականի մարտի 25-ին Բելվեդերի գլխավոր սրահում ստորագրվել է Վիեննայի արձանագրությունը, ըստ որի Հարավսլավիան միացել է 1940 թվականի Բեռլինյան համաձայնագրին։ 1955 թվականի մայիսի 15-ին Վերին Բելվեդերում տեղի է ունեցել Ավստրիայի անկախության հռչակագրի ստորագրումը։
1714 թվականին արքայազն Եվգենի Սավոյացին ճարտարապետ Յոհան Լուկաս ֆոն Գիլդեբրանդտին պատվիրել է Ներքին Բելվեդերի շինարարությունը։ Պալատի կառուցումն ավարտվել է երկու տարի հետո՝ 1716 թվականին։ Այստեղ էին գտնվում արքայազնի բնակվելու և հանգստի սենյակները։ Ներքին Բելվեդերում էին ապրում նաև արքայական տան՝ ֆրանսիական հեղափոխությունից փախած անդամները։
Տեսարժան վայրերից է համարվոմ Մարմարե սրահը, որը զարդարվել է Ալտոմոնտե Մարտինոյի ֆրեսկոներով, ցուցադրական ննջասենյակը, գրոտեսկային սրահը և մարմարե պատկերասրահը։ Ներքին Բելվեդերը ներառում է նաև ծաղկաջերմոցը և պալատական ձիանոցը, որոնք ավելի վաղ օգտագործվել են արքայազնի ձիերի համար։ 1903 թվականին Ներքին Բելվեդերի ծաղկաջերմոցում բացվել է Բելվեդեր Ավստրիական պատկերասրահը՝ «Ժամանակակից պատկերասրահ» անվանումով։
1803 թվականին էրցհերցոգ Յոհաննայի առաջարկով Բելվեդերի ամրոցի ծավալուն այգում ստեղծվել է Եվրոպայում առաջին ալպյան այգին։ Այն ստեղծել է բավարացի ճարտարապետ Դոմինիկ Ժիրարը։ Այգին գտնվել է Ներքին Բելվեդերում, դասավորվածությունը խիստ համաչափ է՝ կենտրոնական առանցքի երկայնքով, որը համապատասխանում է Վերին Բելվեդերի կառույցներին։ Ֆրանսիական երկչափ մոդելի սկզբունքին համապատասխան՝ Ժիրարը դասավորել է ծառերը և կենդանի ցանկապատը, քանդակները, շատրվանները և կասկադը։ Ջերմոցների կողքին, որոնք գործում են մինչ օրս, եղել են աղավնատուն և կենդանաբանական այգի։ Այսօր ավելի քան 4000 բույս ներկայացնում են ալպյան էկոհամակարգի բուսական աշխարհը։ Գարնանը և ամռան սկզիբը այգի այցելելու համար ամենալավ ժամանակն է, քանի որ շատ բույսեր սկսում են ծաղկել՝ գազոններում ստեղծելով հրաշալի բնանկարներ։
Վերին Բելվեդերը՝ Գիլդեբրանդտի գլուխգործոցը, որի ստեղծումն ավարտվել է 1722 թվականին, ծառայել է որպես իշխանի ներկայացուցչական նստավայր։ 1776 թվականին Մարիա Թերեզան, իր որդին և Իոսիֆ 2-րդ կայսրը գեղանկարչական կայսերական հավաքածուն տեղափոխել են Վերին Բելվեդեր, իսկ 1781 թվականին այնտեղ բացվել է աշխարհում առաջին հանրային թանգարաններից մեկը։ 1891 թվականին հավաքածուն տեղափոխվել է նորակառույց Գեղարվեստա-պատմական թանգարան։
Այդ պալատի ցուցասրահներից մեկում, որը զարդարված է կարմիր մարմարով, 1955 թվականի մայիսի 15-ին ստորագրվել է պետական համաձայնագիր, որով վերջ է դրվել Ավստրիայի տասնամյա շրջափակմանը։ Այսօր Վերին Բելվեդերի սրահներում տեղակայված են 19-20-րդ դարերի ավստրիական պատկերասրահների հավաքածուները, որտեղ կարելի է տեսնել Շիլեի, Օսկար Կոկոշկայի առավել հայտնի աշխատանքները, ինչպես նաև «բիդերմայեր» ոճի նկարիչների և ժամանակակից վարպետների այլ աշխատանքներ։ Պալատի մասերից մեկում 1896 թվականին մահացել է կոմպոզիտոր Անտոն Բրուքները։