Բրյուսելի մայր տաճար (ֆր.՝ Cathédrale Saints-Michel-et-Gudule de Bruxelles, հոլ.՝ Kathedraal van Sint-Michiel en Sint-Goedele, լատ.՝ Cathedralis Sancti Michaelis et Gudulae Bruxellis), տաճար Բրյուսելում, Բելգիայում: Գոթական արվեստի ամենացայտուն օրինակներից մեկն է:
Լյովենի դուքս Լամբերտ II-ը (հոլ.՝ Lambert II van Leuven) 1047 թվականին Սուրբ Գուդուլայի (ֆր.՝ Gudule de Bruxelles, հոլ.՝ Goedele van Brussel)մասունքները տեղափոխեց Սուրբ Միքայել հրեշտակապետի եկեղեցի և այնտեղ կապիտուլ հիմնեց: Դրանից հետո ամրագրվեց «Սուրբ Միքայելի և Սուրբ Գուդուլայի եկեղեցի» անվանումը, որը հետագայում զարգացավ և դարձավ «Սուրբ Միքայելի և Սուրբ Գուդուլայի տաճար»: Այդ տաճարի սրբերը նաև Բելգիայի մայրաքաղաքի սրբերն են: 1200 թվականին Բրաբանտի հերցոգ Հենրի II-ը որոշեց կառույցի ոճը փոխել՝ դարձնելով գոթական, վերնատների կառուցման աշխատանքները շարունակվեցին 1226 թվականից մինչև 1276 թվականը: 1450 թվականին ճակատային մասի կառուցումը հիմնականում ավարտված էր, իսկ 1485 թվականին ավարտին հասցվեց նաև ներքին մասը:
1983-1999 թվականներին անցկացվեցին ռեստավրացիոն աշխատանքներ:
1995 թվականին տաճար այցելեց Հովհաննես Պողոս II-ը:
1999 թվականին տաճարում տեղի ունեցավ Ֆիլիպի և Մաթիլդայի պսակադրության արարողությունը: 2003 թվականին տաճարում տեղի ունեցավ արքայազն Լորեն Բելգիացու և արքայադուստր Քլեր Քոոմբսի պսակադրությունը:
Շենքի էքստերիերն իրենից ներկայացնում է 2 աշտարակներով գոթական համաչափ կոմպոզիցիա: Յուրաքանչյուր աշտարակի ներսում երկար աստիճաններ կան, որոնք դուրս են գալիս դեպի 64 մետր բարձրությամբ սանդղավանդ:
Տաճարի գլխավոր ճակատը 4 դուռ ունի՝ մուտքի 3 կամարավոր ճակատամուտքերով և սրբերի քանդակներով: Այն կառուցվել է ճարտարապետ Յան վան Ռյոբսրուկի կողմից, ով նաև Բրյուսելյան ռատուշայի հեղինակն է:
Դռները զարդարված են երկաթակուռ բարձրաքանդակներով:
Կենտրոնական մուտքի մոտ տեղադրված է հսկայական ապակենկար:
Նավ
Տաճարում կան գեղեցիկ ապակենկարներ, որոնք արվել են XVI դարում Յան Խակի կողմից, XVIII и XIX դարերում Շան Բապտիստ Կապրոնիերի կողմից: Տաճարի նավը զարդարված է նրբակերտ խոյակներով սրբերի արձաններով սյունազարդ գավիթներով, նստարանները մուգ շագանակագույն երանգավորում ունեն, որը համադրվում է լուսավոր սրահի հետ: Տաճարում կա երգեհոն: Տաճարում է գտնվում նաև Բելգիայի ազգային հերոս Ֆրեդերիկ դե Մերոդեի (ֆր.՝ Frédéric de Mérode) դամբարանը: