Դիսնեյ Ուորլդ (անգլ.՝ Disney World, պաշտոնական անվանում՝ «Ուոլթ Դիսնեյի համաշխարհային հանգստի կենտրոն» (անգլ.՝ Walt Disney World Resort), ամենամեծ տարածքն և ամենաշատ այցելուներ ունեցող զվարճանքի կենտրոնը աշխարհում, մակերեսը կազմում է 100 կմ²: Նրա կազմում կա չորս թեմատիկ այգի, երկու ջրային զբոսայգի, 24 թեմատիկ հյուրանոց, բազմաթիվ խանութներ, սրճարաններ, ռեստորաններ և ժամանցի վայրեր: Այն պատկանում է The Walt Disney Company ընկերության Walt Disney Parks and Resorts ստորաբաժանմանը: Գտնվում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքից հարավ-արևմուտք: Այգին բացվել է 1971 թվականի հոկտեմբերի 1-ին. այդ ժամանակա այն կազմված էր «Կախարդական թագավորություն» թեմատիկ այգուց: 1982 թվականի հոկտեմբերի 1-ին բացվել է Epcot, 1989 թվականի մայիսի 1-ին՝ Դիսնեյի հոլիվուդյան ստուդիա և 1988 թվականի ապրիլի 22-ին՝ Դիսնեյի կենդանիների թագավորությունը:
Դիսնեյ Ուորլդ կառույցի շնորհիվ Օռլանդո գյուղը դարձել է բարգավաճող զբոսաշրջային կենտրոն:
1959 թվականին Walt Disney Productions-ը Walt Disney-ի գլխավորությամբ սկսեց փնտրել տարածք երկրորդ այգու կառուցման համար. առաջինը Դիսնեյլենդն է, որը 1955 թվականին բացվել է Անահայմում: Հարցումները ցուց տվեցին, որ Դիսնեյլենդի այցելուներից միայն 2 %-ն են Միսսիսիպի գետի արևելյան տարածքներից, որտեղ ապրում է ԱՄՆ-ի բնակչության 75 %-ը: Բացի այդ, Դիսնեյը չէր սիրում, որ տարբեր ֆիրմաներ աճում էին Դիսնեյլենդի շուրջը, ինչպես սնկերը անձրևից հետո: Նա ցանկացել է վերահսկել ավելի մեծ տարածքներ նոր նախագծի համար:
1963 թվականի նոյեմբերի 22-ին Ուոլթ Դիսնեյն այցելել է Օռլանդոյի մի քանի վայրեր: Մինչ այդ նա ուսումնասիրել է Սենֆորդը (Ֆլորիդա) և դիմել է քաղաքի խորհրդին՝ խնդրելով թույլ տալ Դիսնեյ Ուորլդի կառուցումը, սակայն նրան մերժել են: Հետևելով լավ զարգացած ճանապարհների ցանցին, Օռլանդոյի միջազգային օդանավակայանին արևելքում և Ֆլորիդական վճարովի մայրուղուն՝ նա «սիրահարվեց» այդ վայրին: Երբ նրան հարցրել են, թե ինչու նա ընտրեց այս վայրը, նա պատասխանել է. «Ավտոուղիներ. դրանք այստեղ բաժանվում են»: Դիսնեյը կենտրոնացել է «Ֆլորիդա նախագծի» վրա, որտեղ նա գնել է տարածք Դիսնեյ Ուորլդի համար, սակայն նա մահանում է 1966 թվականի դեկտեմբերի 15-ին` այդպես էլ չտեսնելով իր երազանքի իրագործումը:
Հողերի գների հետ կապված շահարկումներից խուսափելու համար Դիսնեյն օգտագործել է կեղծ ընկերություններ և կոոպերատիվներ, որպեսզի ստանա 11 100 հա տարածք: Առաջին խմբաքանակը, որ կազմել է 2 հա, գնվել է 1964 թվականի հոկտեմբերի 23-ին Ayefour Corporation ընկերությունից: Մնացած ընկերությունները նույնպես կոչվում էին տողատակով, բացառությամբ M.T. Lott Real Estate Investments (անգլ.՝ empty lot- ազատ լոտ): Այդ անուններից մի քանիսը դրոշմված է Կախարդական Թագավորությունում՝ ԱՄՆ-ի Գլխավոր փողոցում:
1965 թվականի մայիսին իրականացվել են Օռլանդոյից մի քանի կիլոմետր դեպի հարավ-արևմուտք՝ Օցեոլա շրջանում գտնվող հողերը ձեռք բերելու հիմնական գործարքները: Երկու հիմնական տարածքները գնվել են 1,5 մլն դոլարով, իսկ փոքր արոտավայրերը և տափաստանները գնվել են էկզոտիկ անուներով ընկերությունների կողմից, ինչպիսիք են՝ «Լատինոամերիկյան կորպորացիա և կառավարչություն» և «Ռիդի Քրիք Ռանչի կորպորացիա»: Երեք խոշոր տարածքներից բացի գնվել են նաև բազմաթիվ մանր հողակտորներ, որոնք պատկանել են փոքր սեփականատերերի:
1912 թվականին Munger Land կազմակերպության կողմից հողերի մեծ մասը բաժանվել են 2 հեկտարանոց լոտերի և վաճառվել ն ներդրողներին: Սեփականատերերը ուրախ էին ազատվել հիմնականում ճահճուտային հողերից: Մեկ այլ խնդիր էր դարձել այդ հողերում գտնվող օգտակար հանածոների մշակումը, որը պատկանում էր Թաֆթսի համալսարանին: Առանց իրավունքի փոխանցման Թրաֆթսն իրավունք ուներ ցանկացած պահի քանդել տալ շենքը՝ օգտակար հանածոների շահագործման համար:
Հողերի մեծ մասը գնելուց հետո` 1965 թվականի հոկտեմբերի 20-ին, Orlando Sentinel թերթում լուրեր տարածվեցին իրական շահառուի մասին: Նոյեմբերի 15-ին կազմակերպվեց մամուլի ասուլիս: Ուոլթ Դիսնեյը պատմում է այդ տարածքում իր պլանների մասին, ներառյալ EPCOT-ի՝ Ապագա համայնքի փորձնական նախատիպի մասին, որը պետք է դառնար ֆուտուրիստական քաղաք (հայտնի է նաև որպես Պրոգրեսս Սիտի): Սակայն EPCOT-ի պլանները կտրուկ փոխվեցին Դիսնեյի մահից հետո: EPCOT-ը վերածվել է EPCOT Center-ի՝ դառնալով երկրորդ թեմատիկ պարկը Դիսնեյ Ուոլդում, որը բացվել է 1982 թվականին:
Ռիդի Քրիկ գետի դրենաժային համակարգը գրանցվել է 1966 թվականի մայիսի 13-ին Ֆլորիդա նահանգի 298-րդ հոդվածով, որը, ի թիվս այլ իրավունքների, թույլ է տալիս սեփականությունը օտարել հատուկ դրենաժային տարածքների: Այդ շրջանի ստեղծման համար պետք էր միայն սեփականատերերի համաձայնությունը:
Ուոլթ Դիսնեյը մահացել է 1966 թվականի դեկտեմբերի 15-ին՝ չտեսնելով իր երազանքի իրագործումը: Նրա եղբայրը և բիզնեսի գործընկերը՝ Ռոյ Դիսնեյ Օլիվերը, հետաձգել է իր թոշակի անցնելը, որպեսզի հետևի ժամանցի կենտրոնի շինարարության առաջին փուլին: Դիսնեյ ընկերությունը աշխատել է նյույորքցի ճարտարտարապետ, Hart Howerton ճարտարապետական ընկերության հիմնադիր Ռոբերտ Հարտի հետ, որպեսզի փոխեն այգու կառուցման նախնական ծրագրերը: Մինչ այդ Հարտը աշխատել է John Carl Warnecke & Associates ընկերության հետ:
1967 թվականի փետրվարի 2-ին Ռոյ Դիսնեյը անցկացրել է մամուլի ասուլիս Վինտեր այգում (Ֆլորիդա, Օռլանդոյից 15 կմ հյուսիս): EPCOT-ի դերն ընդգծվել է մամուլի ասուլիսում ցուցադրված ֆիլմում, որը նկարահանել էր Ուոլթ Դիսնեյն իր մահից առաջ: Ցուցադրումից հետո հայտարարել են, որ Ուորլդ Դիսնեյ նախագծի հաջողության համար պետք է ստեղծել հատուկ տարածք՝ Ռիդի Քրիկի բարելաված տարածքը՝ իր ներսում գտնվող երկու քաղաքներով՝ Բեյ Լեյկ (Bay Lake) և Ռիդի Քրիկ (Reedy Creek, այժմ կոչվում է Lake Buena Vista): Տարածքն ունի հողերն ազատ տնօրինելու իրավունք: Միակ պարտականությունը, որ տարածքն ունի շրջանի և նահանգի նկատմամբ, սեփականության և ատրակցիոնների զնման հարկերի վճարումն է:
Պայմանագիրը, որով ստեղծել է մարզը և 2 քաղաք, ստորագրվել է 1967 թվականի մայիսի 12-ին: Ֆլորիդայի Գերագույն Դատարանը 1968 թվականին որոշում կայացրեց, որ մարզը իրավունք ունի թողարկել չհարկվող պարտատոմսեր՝ հրապարակային նախագծերի համար, չնայած նրան, որ միակ շահառուն Walt Disney Productions-ն է:
Ռոյ Օլիվեր Դիսնեյը բացել է այգին և հայտարարել, որ այն կանվանեն «Walt Disney World» (Ուոլթ Դիսնեյի աշխարհ»)՝ ի հիշատակ իր եղբոր: Նա ասել է. «Բոլորը լսել են Ֆորդ ավտոմեքենաների մասին: Բայց բոլո՞րն են լսել Հենրի Ֆորդի մասին, ով ստեղծել է այն: Ուոլթ Դիսնեյ Ուորլդն անվանվել է ի պատիվ այն մարդու, ով ստեղծել է այս ամենը. այնպես որ մարդիկ կիմանան նրա անունը, քանի դեռ գոյություն ունի Ուոլթ Դիսնեյ Ուորլդը»: Բացումից կարճ ժամանակ անց Ռոյ Դիսնեյը հարցրեց Ուոլթի կնոջը՝ Լիլիանին, թե ինչ է նա մտածում Walt Disney World-ի մասին: Ըստ կենսագիր Բոբ Թոմասի՝ նա ասել է. «Ես կարծում եմ, որ Ուոլթ Դիսնեյը կհավաներ այն»:
Ռոյ Դիսնեյը մահացել է 1971 թվականի դեկտեմբերի 20-ին՝ այգու բացումից մոտավորապես երեք ամիս հետո:
Հետագայում՝ 1982 թվականին, «Ուոլթ Դիսնեյ» ընկերությունը բացեց EPCOT կենտրոնը: Այգին 1996 թվականին ստացել է Epcot մշտական անունը: 1989 թվականին Դիսնեյին ավելանում է MGM ստուդիան՝ շոու բիզնեսից ոգեշնչված թեմատիկ այգին, որ 2008 թվականին ստացել է Դիսնեյի Հոլիվուդյան Ստուդիա անվանումը: Իսկ չորրորդ զբոսայգին՝ Դիսնեյի Կենդանիների Թագավորությունը, բացվել է 1998 թվականին:
Մեգ Կրոֆտոնը 2006 թվականի օգոստոսին դառնում է Դիսնեյ Ուորլդի նախագահ՝ փոխարինելով Ալա Ուայսսային, որը զբաղեցնում էր այդ պաշտոնը 1994 թվականից:
Չնայած մարքեթինգային պահանջներին և հայտնի մոլորություններին՝ Ֆլորիդայի ժամանցի կենտրոնը գտնվում է ոչ թե Օռլանդո քաղաքի սահմանների շրջանակներում, այլ Բեյ Լեյկ և Լեյկ Բուենա Վիստա քաղաքներում, որ կառավարվում են Դիսնեյի կողմից Ռիդի Քրիկ շրջանի միջով: Այսօր Դիսնեյ Ուորլդի ընդհանուր մակերեսը կազմում է 101 կմ²: Ընդհանուր մակերեսը հասել է 120 կմ², որը մեկուկես անգամ մեծ է Մանհեթենի տարածքից:
2008 թվականի մայիսին «Park World» առևտրային ամսագիրը հայտնել է 2007 թվականի սպասվող հաշվարկային ցուցանիշների մասին, որ կազմել էր Տնտեսական հետազոտությունների միությունը TEA-ի համագործակցությամբ.
Տարեթիվ | Կախարդական Թագավորություն | Epcot | Դիսնեյի հոլիվուդյան ստուդիա | Դիսնեյի Կենդանիների թագավորություն |
---|---|---|---|---|
2008 | 17,063,000 | 10,935,000 | 9,608,000 | 9,540,000 |
2009 | 17,233,000 | 10,990,000 | 9,700,000 | 9,590,000 |
2010 | 16,972,000 | 10,825,000 | 9,603,000 | 9,686,000 |
2011 | 17,142,000 | 10,826,000 | 9,699,000 | 9,783,000 |
2012 | 17,536,000 | 11,063,000 | 9,912,000 | 9,998,000 |
2013 | 18,588,000 | 11,229,000 | 10,110,000 | 10,198,000 |
2014 | 19,332,000 | 11,454,000 | 10,312,000 | 10,402,000 |
2015 | 20,492,000 | 11,798,000 | 10,828,000 | 10,922,000 |
Երբ 1971 թվականին բացվեց Կախարդական Թագավորությունը, այգում աշխատում էր 5500 մարդ: Այսօր աշխատողների թիվը կազմում է 66 000 մարդ, որոնց աշխատավարձի համար նախատեսված է $1,2 մլրդ և $474 մլն ապահովագրությունների համար: Լինելով խոշորագույն գործատուներից մեկը՝ Դիսնեյ Ուորլդն աշխատանք ունի ավելի քան 3700 մասնագիտության անձանց համար: Այգին հովանավորում և ղեկավարում է Դիսնեյ Ուորլդ քոլեջի ծրագիրը, որը քոլեջի ամերիկացի ուսանողներին թույլ է տալիս ապրել և աշխատել այգում: Գործում է նաև Դիսնեյ Ուորլդի միջազգային քոլեջի ծրագիր ամբողջ աշխարհի ուսանողների ստարժավորման համար:
2004 թվականի մարտի 30-ին The Orlando Sentinel-ում տպագրված հոդվածում Դիսնեյ Ուորլդի այն ժամանակվա նախագահ Ալ Ուայսսը տվեց մի քանի տեղեկություններ այգու սպասարկման մասին:
Ավելի քան 5000 աշխատողներ զբաղված են ինժեներական և սպասարկման աշխատանքներով, այդ թվում՝ 750 այգեպաններ և 600 նկարիչներ: Դիսնեյը տարեկան ծախսում է $100 մլն Կախարդական Թագավորության սպասարկման համար: 2003 թվականին $6 մլն ծախսվել է Բյուրեղապակյա Պալատի վերակառուցման համար: Այցելուների 90 %-ը կարծում է, որ Կախարդական Թագավորության մաքրության պահպանումը հիանալի է կամ էլ շատ լավ: Փողոցները և այգիները ամեն գիշեր մաքրվում են գոլորշիով: Կան աշխատակիցներ, որոնց միակ աշխատանք կառուսելի հին ձիերի ներկումն է. նրանք օգտագործում են իրական ոսկե թիթեղներ: Այգում կա ֆերմա, որն աճեցնում է ծառեր, այնպես որ, երբ հին ծառը պետք լինի փոխարինել, 30 տարեկան ծառը պատրաստ կլինի նրան փոխարինել:
Դիսնեյի կողմից ղեկավարվող «Դիսնեյի տրանսպորտ» բրենդի ավտոբուսային պարկը այցելուների համար անվճար է: 2007 թվականին Դիսնեյ տրանսպորտն սկսեց բարելավել հյուրերին ավտոբուսներով սպասարկելու որակը: GPS արբանյակային համակարգը, որ ղեկավարում է նոր հասցեներով ավտոբուսների համակարգը, տեղեկություններ է տալիս անվտանգության մասին, խորհուրդներ է տալիս այգու մասին և այլ հետաքրքիր հայտարարություններ, այդ թվում նաև երաժշտություն: Չպետք է շփոթել «Դիսնեյի ծովագնացության գծի» և «Դիսնեյի կախարդական ճեպընթացի» հետ, որոնք ղեկավարվում են Mears Transportation-ի կողմից: Ջրային տաքսին իրար է կապում այգու մի քանի կետեր:
Նախկինում կային 12 միառելս գնացքներ, սակայն 2009 թվականի բախումից հետո Վարդագույն և Մանուշակագույն գնացքները դադարեցին աշխատել: Այդ գնացքների մի քանի մասեր օգտագործվել են նոր Կապույտ գնացքի ստեղծման համար, որը մեկնարկել է 2009 թվականի նոյեմբերին. այսօր միառելս գնացքների թիվը այգում 11 է: Դրանք աշխատում են երեք երթուղով, որոնք միանում են Տրանսպորտի ու Տոմսերի կենտրոնում (TTC): Գծերից մեկը կատարում է առանց կանգառների էքսպրես-ուղևորություն դեպի Կախարդական Թագավորություն, երկրորդ գիծը միացնում է TTC-ը և Epcot-ը: Երրորդ գիծը միացնում է TTC-ը և Կախարդական Թագավորությունը մի քանի հյուրանոցների հետ:
Նախնական պլանավորման ժամանակ Ուոլթ Դիսնեյն օգտագործել է հետևյալ անունները՝ «Х ծրագիր», «Ֆլորիդա ծրագիր» և «Դիսնեյ Ուորլդ»: Մահվանից առաջ Ուոլթ Դիսնեյը չափազանց զբաղված էր տեղի ընտրությամբ և նախագծի պլաններով: Ուոլթ Դիսնեյի մահից հետո Ռոյ Դիսնեյը «Դիսնեյ Ուորլդ» անվանն ավելացրեց «Ուոլթ» անունը՝ որպես հարգանքի տուրք իր եղբորը:
2016 թվականի հունիսի 14-ին այգու տարածքում գտնվող կոկորդիլոսը մի երեխայի քաշել է ջրի մեջ: Երեխան մահացել է: