Գեղարվեստի պալատ (իսպ.՝ Palacio de Bellas Artes), Մեքսիկայի և Մեխիկոյի ամենակարևոր մշակութային կենտրոնն է։ Գտնվում է Մեխիկոյի պատմական կենտրոնում՝ Ալամեդա սենտրալ զբոսայգու հարևանությամբ։
Մեքսիկայի առաջին ազգային թատրոնը կառուցվել է 19-րդ դարի վերջում, սակայն որոշվեց 1910 թվականին Մեքսիկական անկախության պատերազմի 100-ամյակի պատվին կառուցել առավել շքեղ կառույց։ Շինության կառուցման առաջնային նախագիծն սկսեց իտալացի ճարտարապետ Ադամո Բոարին 1904 թվականին։ Սակայն Մեքսիկական հեղափոխության ժամանակաշրջանում շինարարությունը դադարեցվեց։ Շինարարությունը վերսկսվեց 1932 թվականին մեքսիկացի ճարտարապետ Ֆեդերիկո Մարիսկայի գլխավորությամբ և ավարտվեց 1934 թվականին։ Շենքի արտաքին տեսքը նեոդասական և մոդեռն ոճի է, ներքին տեսքը՝ արտ-դեկո։ Շինությունը հայտնի է նաև Դիեգո Ռիվերայի, Խոսե Դավիդ Սիկեյրոսի որմնանկարներով, բազմաթիվ ցուցահանդեսներով, թատերական ներկայացումներով՝ ներառյալ Մեքսիկայի ազգային բալետի ներկայացումները։
Գեղարվեստի պալատում տեղ են ունենում մի շարք նշանակալի իրադարձություններ՝ մեքսիկական և միջազգային երաժշտական, պարային, թատերական, օպերային, գրական միջոցառումներ, գեղանկարչական, քանդակագործության և լուսանկարչության ցուցադրություններ։ Գեղարվեստի պալատը համարվում է Մեքսիկայի ամենակարևոր թատերական և մշակութային կենտրոնը։ 1987 թվականին այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է մշակութային հուշարձան։ Կառավարվում է Գեղարվեստի ազգային ինստիտուտի կողմից։ Միջին այցելությունները շաբաթական կազմում են 10,000։
Գեղարվեստի պալատի տարբեր հարկերում գերիշխում են մեքսիկացի հայտնի որմնանկարիչների աշխատանքները։ 2-րդ հարկում են գտնվում Ռուֆինո Տամայոյի վաղ 1950-ականների երկու աշխատանքներ՝ «Մեքսիկան այսօր» և «Ազգության ծնունդը»՝ մետիսի (տեղական և իսպանական արմատներով միախառնված անձ) ինքնության սիմվոլիկ պատկերում։ 3-րդ հարկի արևմտյան հատվածում է գտնվում «Մարդը խաչմերկում» ստեղծագործությունը, որի բնօրինակը 1933 թվականին գնվել է Նյու Յորքի Ռոքֆելլեր կենտրոնի համար։ Դիեգո Ռիվերան այն պատկերել է այստեղ 1934 թվականին։ 3-րդ հարկի հյուսիսային հատվածում են գտնվում Դավիթ Ալվարո Սիկեիրոսի «Նոր ժողովրդավարության» երեք քառորդ մասը և Ռիվերայի «Մեքսիկական կյանքի կառնավալի» քառորդ մասը, արևելյան հատվածում է գտնվում Խոսե Կլեմենտե Օրասկոյի La Katharsis ստեղծագործությունը, որն արտացոլում է մարդկության սոցիալական և բնական հակամարտությունները։
Ճարտարապետության ազգային թանգարանը Museo Nacional de Arquitectura զբաղեցնում է շինության վերևի հարկի ապակեպատ տանիքի հատվածը։ Այստեղ ցուցադրվում են անվանի մեքսիկացի ճարտարապետների, մոդելավորողների հիմնական աշխատանքների նախագծերը, լուսանկարները։ Թանգարանում կազմակերպվում են նաև հավաքածուների ժամանակավոր ցուցադրություններ, որոնց նպատակն է մեքսիկական հարուստ ճարտարապետական ժառանգությունը հանրությանը ներկայացնելը։ Թանգարանում ներկայացված են ճարտարապետներ Ջեյմ Օրտիս Մոնաստերիոն, Կառլոս Միջարես Բրաչոն, Ադամո Բոարին, Լուիս Բառագան։ Թանգարանը բաղկացած է 4 մասերից՝
Կազմակերպվում են նաև ժամանակակից ճարտարապետների ժամանակավոր ցուցադրություններ։
Գեղարվեստի պալատի թանգարանը Museo del Palacio de Bellas Artes կազմակերպում է որմնանկարների մշտական ցուցադրությունները, ինչպես նաև կանոնակարգում է ժամանակավոր ցուցադրություններ, որոնցում ներառվում են դասական, ժամանակակից արվեստագետներ մեքսիկայից և ամոբղջ աշխարհից։