Գիզայի բրգային համալիր (արաբ․՝ أهرامات الجيزة), հնավայր, որ գտնվում է Գիզայի սարահարթում՝ Կահիրե քաղաքի արվարձանում։
Հին հուշարձանների այս համալիրն ընդգրկում է երեք բրգային համալիրները, որոնք հայտնի են եգիպտական մեծ բուրգեր անվամբ, Մեծ սֆինքսի հսկայական արձանը, մի քանի գերեզմաններ, աշխատավորների գյուղը և արդյունաբերական համալիրը: Այն գտնվում է Արևմտյան անապատում, Նեղոս գետից մոտավորապես 9 կմ դեպի արևմուտք՝ Գիզայի հին քաղաքում և Կահիրե քաղաքի կենտրոնից մոտավորապես դեպի հարավ-արևմուտք:
Բուրգերը, որոնք Արևմուտքի պատկերացման մեջ սովորաբար պատմականորեն ընկալվում են որպես Հին Եգիպտոսի խորհրդանիշը, ժողովրդականացվել են հելենիստական ժամանակահատվածում, երբ Մեծ բուրգը Անտիպատեր Սիդոնցու կողմից ներառվեց աշխարհի յոթ հրաշալիքների ցանկում: Այն յոթ հրաշալիքներից ամենահինն է և միակը, որ կանգում է մնացել առ այսօր:
Գիզայի բուրգերը բաղկացած են Գիզայի Մեծ բուրգից (հայտնի է նաև Քեոփսի կամ Խուֆուի բուրգ՝ կառուցված մոտ մ.թ.ա. 2560-2540 թթ), Քեֆրենի ավելի փոքր բուրգը, որ գտնվում է մի քանի հարյուր մետր դեպի հարավ-արևմուտք և ավելի փոքր փաչսերով Միկերինի բուրգը՝ մի քանի հարյուր մետր դեպի հարավ-արևմուտք: Մեծ սֆինքսը գտնվում է համալիրի արևելյան կողմում: Եպիտպագետները համաձանում են, որ Մեծ սֆինքսի գլուխը պատկերում է Քեֆրեն փարավոնի գլուխը: Բացի այս հիմնական հուշարձաններից տարածքում կան նաև մի քանի ավելի փոքր արբանյակային շինություններ, որոնք հայտնի են թագուհիների բուրգեր անվամբ, դեպի բուրգեր տանող ուղիներ և հովտային բուրգեր:
Քեոփսի բրգային համալիրը բաղկացած է հովտային տաճարից, որն այժմ թաղված է Նազլեթ-էլ-Սամման գյուղի տակ: Տարածքում հայտնաբերվել են բազալտե սալաքարեր և կրաքարե պատեր, սակայն տարածքը չի պեղվել: Հովտի տաճարը կապված էր դեպի բուրգ տանող ուղու հետ, որը մեծապես տուժել է գյուղի կառուցման պատճառով: Այդ ուղին տանում էր դեպի Քեոփսի դամբարանային տաճարը: Այս տաճարից պահպանվել են միայն բազալտե մայթուղիները: Դամբարանային տաճարը կապված է եղել փարավոնի բրգի հետ: Վերջինս ունի իր հետ կապակցված երեք ավելի փոքր թագուհու բրգեր և հինգ նավերի հորեր: Դրանց մեջ պահպանվել են նավեր, իսկ բրգի հարավային կողմում գտնվող երկու հորերում մինչև հիմա էլ պահպանվում են հին նավերը: Դրանցից մեկն այժմ վերականգնվել և ցուցադրվում է: Քեոփսի բուրգի հիմքի երեսպատման քարերն ամբողջությամբ առկա չեն: Այդվբարձրորակ կրաքարի հիմնաքարերը պատրաստվել են մոտակա քարհանքերում:
Քեֆրենի բրգային համալիրը բաղկացած է հովտի տաճարից, Սֆինքսի տաճարից, դեպի բուրգ տանող ուղուց, դամբարանային տաճարից և փարավոնի բուրգից: Հովտային տաճարում, ինչպես նաև տաճարում գտնվող ջրհորում Մարիեթի կողմից 1860 թ. հայտնաբերվել են Քեֆրենի բազմաթիվ արձաններ: Մնացածը հայտնաբերվել են հաջորդող պեղումների ընթացքում Սիեգլինի (1909-1910), Յունկերի, Ռեիսների և Հասանի կողմից: Խաֆրեի համալիրը ներառել է նավերի հինգ հորերը և սերբադով (դամբարանային կառույց) օժանդակ բուրգ: Խաֆրեի բուրգն ավելի մեծ է երևում, քան Քեոփսի բուրգը շնորհիվ իր բարձրադիր տեղանքի: Իրականում այն ավելի փոքր է թե՛ իր բարձրության, թե՛ ծավալով: Քեֆրենի բուրգի գագաթին ցուցադրված են դրա երեսպատման քարերը:
Միկերինի բրգային համալիրը բաղկացած է հովտային տաճարից, ուղուց, դամբարանային տաճարից և փարավոնի բուրգից: Հովտային տաճարում ժամանակին կային Միկերինի բազմաթիվ արձաններ: Եգիպտոսի 5-րդ դինաստիայի ժամանակաշրջանում հովտի տաճարին ավելացվել է սյունասրահով ավելի փոքր մի տաճար: Դամբարանային տաճարում նույնպես գտնվել են Միկերինի բազմաթիվ արձաններ: Փարավոնի բուրգն ունի երեք օժանդակ կամ թագուհու կոչվող բուրգեր: Չորս հիմնական հուշարձաններից միայն Միկերինի բուրգն է, որի սկզբնական հղկված կրաքարային երեսպատված հատվածը չի պահպանվել:
Սֆինքսը թվագրվում է փարավոն Քեֆրենի գահակալության ժամանակաշրջանով: Նոր թագավորության ժամանակաշրջանում Ամենհոթեփ II-ը նոր տաճար է կառուցել ի պատիվ Հաուրոն-Հարեմախեթի և այս կառույցը ընդլայնվել է նրան հաջորդած փարավոնների գահակալության ժամանակ:
Թագուհի Խենտկաուս I-ի դամբարանը գտնվում է Գիզայում: Նրա դամբարանը համարակալված է LG 100 և G 8400 թվերով և գտնվում է Կենտրոնական դաշտում, Միկերինի հովտային տաճարում: Թագուհի Խենտկաուսի բրգային համալիրը ներառում է բուրգը, նավի պահպանության համար նախատեսված հորը, հովտային տաճարն ու բուրգին կից քաղաքը:
Կառուցման տեսությունների մեծ մասը հիմնված է այն գաղափարի վրա, որ բուրգերը կառուցվել են քարհանքից հսկայական քարերի փոխադրմամբ ու տեղաշարժմամբ: Տարաձայնություն կա այն հարցի շուրջ, թե ինչպես են քարերը տեղափոխվել և տեղադրվել և ինչ եղանակով:
Բուրգերի կառուցման ժամանակ ճարտարապետները հավանաբար ժամանակի ընթացքում մշակել են իրենց սեփական տեխնիկան: Նրանք ընտրում էին ժայռային տարածքներ և ոչ թե ավազուտներ: Այդպիսի տարածքը կայուն հիմք էր հանդիսանում բուրգերի կառուցման համար: Մանրամասնորեն հետազոտելով տարածքը և դնելով առաջին հիմնաքարերը՝ նրանք կառուցում էին բուրգերը հորիզոնական մակարդակներով:
Գիզայի Մեծ բուրգի ներսի քարերի մեծ մասը հավանաբար մշակված են կառուցման տարածքից դեպի հարավ գտնվող քարհանքում: Բուրգի ներսի ողորկ և լավ մշակված մակերեսները պատրաստված են սպիտակ կրաքարի բարձրորակ տեսակներից, որոնք մշակվել են Նեղոսի երկայնքով գտնված քարհանքում: Ներսում օգտագործված այս քարերի զանգվածները պետք է ամենայն ճշգրտությամբ կտրվեին, բեռնատար նավով տեղափոխվեին Գիզա և քարշ տրվեին դեպի կառուցման վայրը: Ներկայումս միայն մի քանի քարի զանգվածներ են պահպանվել Մեծ բուրգի հիմքի մոտ: Ենթադրվում է, որ միջին դարերում (5-րդ դարից մինչև 15-րդ դար) մարդիկ օգտագործել են դրանք շինարարական նպատակներով Կահիրե քաղաքում:
Դրսի երեսպատման բոլոր քարերը պետք է հավասար բարձրություն և լայնություն ունենային, որպեսզի ապահովվեր բուրգի համաչափությունը: Հավանական է, որ բանվորները նշել են բոլոր քարի զանգվածները՝ ցույց տալու բուրգի պատի աստիճանը և կտրել են մակերեսներն այնպես, որ բոլոր քարի զանգվածները հավասարապես նստեին մեկը մյուսի վրա:
Կա կարծիք, որ Գիզայի և այլ բուրգերը կառուցվել են որպես դամբարաններ՝ պահպանելու Հին Եգիպտոսում իշխած և մահացած փարավոնների մարմինները:Հին եգիպտացիները հավատում էին, որ փարավոնների հոգու մի մասնինը, որն իրենք անվանում էին Կա, մնում էր մահացած փարավոնի դիակի մեջ: Անհրաժեշտ էր պատշաճ եղանակով խնամել նրա մարմինը, որպեսզի «նախկին փարավոնը կատարեր իր նոր պարտականությունները որպես մահացածների արքա»: Կա տեսակետ, որ բուրգը ծառայել է ոչ միայն որպես փարավոնների դամբարան, այլև որպես պահեստ այն բոլոր իրերի, որոնք անհրաժեշտ էին լինելու փարավոնին հանդերձյալ կյանքում: Հին եգիպտացիները հավատում էին, որ երկնային կյանքի վերջը դեպի հանդերձյալ աշխարհ ճանապարհորդության սկիզբն էր: Փարավոնի զմռսված մարմինն ամփոփվում էր բուրգի տակ կամ դրա մեջ՝ պահպանելու նրան և ապահովելու նրա կերպարանափոխությունն ու համբարձումը դեպի հադերձյալ աշխարհ:
Քարհանքներում հսկայական քանակությամբ քարերի մշակման, դրանց տեղափոխման, դիրքավորման աշխատանքը կատարվում էի մի քանի հազար արհեստավարժ շինարարների, անփորձ և օժանդակող բանվորների կողմից: Հսկայական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ էին նաև հացթուխներ, ատաղձագործներ, ջրկիրներ և այլք: Բուրգերի կառուցման համար օգտագործվող մեթոդներից զատ կան կարծիքներ նման մեծ մասշտաբի շինարարական նախագծի իրականացման համար անհրաժեշտ բանվորների հստակ թվի վերաբերյալ: Երբ հույն պատմաբան Հերոդոտոսն այցելեց Գիզա մ.թ.ա. 450 թ., նա տեղեկացավ եգիպտացի քրմերից, որ «Մեծ բուրգի կառուցման համար պահանջել է 400.000 բանվոր, որոնք աշխատել են երեք ամիս հերթափոխով և 20 տարի ժամանակ»: Դամբարաններից հայտնաբերված հիշատակությունների համաձայն՝ բուրգի կառուցման համար պահանջվել է 10.000 բանվոր, որոնք աշխատել են երեք ամիս հերթափոխով և 30 տարի ժամանակ:
Գիզայի բրգային համալիրը շրջապատված է մեծ քարե պատով, որի դրսի հատվածում Մարկ Լեհներն ու իր աշխատանքային թիմը հայտնաբերեցին բուրգերը կառուցած բանվորների գյուղը: Այն գտնվում է Խաֆրեի և Մենկաուրեի համալիրներից դեպի հարավ-արևելք: Բանվորների գյուղում հայտնաբերվել են նաև ընդհանուր հանգստի թաղամասեր, հացի փռեր, գարեջրի գործարաններ, խոհանոցներ (այնտեղ հայտնաբերված գտածոներից պարզ է դարձել, որ հացը, տավարի միսն ու ձուկը կազմել են բանվորների սննդակարգի հիմնական մասը), հիվանդանոց և գերեզմանոց (որտեղ կմախքների մեծ մասը գտնվել են վնասված վիճակում, ինչը ենթադրաբար կառուցման տարածքում պատահարի հետևանք է): Շինարարների գյուղը թվագրվում է 4-րդ միջին դինաստիայի ժամանակաշրջանով (մ.թ.ա. 520–2472 թթ)՝ Քեոփսի գահակալման ընդունված ժամանակաշրջանից և Մեծ բուրգի կառուցումից հետո: Ըստ Լեհների և AERA-ի թիմի՝
«Այս քաղաքային համալիրը պետք է որ շատ արագ զարգացած լինի: Տարածքում բոլոր տեսակի շինարարական աշխատանքները հավանաբար ավարտվել են 30-50 տարվա ընթացքում, որը ներառել է Քեֆրենի և Միկերինի գահակալության շրջանները» |
Տարածքը որոշելու համար չօգտագործելով ռադիոածխածնային թվագրում և առաջներդվելով միայն խեցեղենի կտորներով և շերտագրությամբ՝ թիմը եզրակացնում է.
«Ձևավորվում է նախագծված բնակավայրի պատկեր, որը աշխարհի ամենավաղ բնակեցված վայրերից է եղել և որը թվագրվում է Գիզայի երկու բուրգերը կառուցողների՝ Քեֆրենի (մ.թ.ա. 2520–2494 ) և Միկերինի (մ.թ.ա. 2490–2472) գահակալության ժամանակահատվածներով» |
Բուրգերի կառուցման ժամանակ դրանց շուրջ ավելի ցածր ազնվականների համար կառուցվել են մաստաբաները (հարթ տանիքով և քառակուսի կառուցվածքով եգիպտական դամբարանի տեսակ):Քեոփսի բուրգի մոտ կա G 7000 համարով նշված հիմնական գերեզման, որը գտնվում է Արևելյան դաշտում՝ հիմնական բուրգից դեպի արևելք, թագուհու բուրգերին կից: Բուրգերի շուրջ գտնվող այս գերեզմանները տեղակայված են եղել փողոցների և պողոտաների երկայնքով: G 7000 գերեզմանը ամենավաղ գերեզմաններից է և ներառում է 4-րդ դինաստիայի կանանց, նրանց որդիների և դուստրերի գերեզմաններ: Բուրգի մյուս թևում՝ Արևմտյան դաշտում G 1200 և G 4000 համարակալված գերեզմաններում թաղված են արքայական ծագում ունեցող Վեպեմնոֆրեթն ու Հեմիունուն: Դրանք հետագայում ընդարձակվել են 5-րդ և 6-րդ դինաստիաների ժամանակ:
Արևմտյան դաշտը գտնվում է Քեոփսի բուրգից դեպի արևմուտք: Այն բաժանված է ավելի փոքր տարածքների, ինչպիսիք են Աբու Բաքր պեղումներ (1949–50, 1950–51, 1952 և 1953) անունը ստացած գերեզմանները և մի քանի թվագրված գերեզմանների, ինչպիսիք են օրինակ G 1000 և G 1100 գերեզմանները և այլն: Արևմտյան դաշտում են գտնվում G1000, G1600, G 1900, G 2000, G 2200, G 2500, G 3000, G 4000 և G 6000 գերեզմանները: Երեք գերեզման էլ անվանվել է ի պատիվ դրանց պեղած հնէաբանների՝ Յունկերի արևմտյան գերեզման, Յունկերի արևելյան գերեզման և Սթեյդորֆի գերեզման:
Գերեզման | Ժամանակահատված | Պեղումներ | Մեկնաբանություններ |
---|---|---|---|
Աբու Բաքր պեղումներ | Եգիպտոսի 5-րդ և 6-րդ դինաստիա | (1949–53) | |
Գերեզման G 1000 | Եգիպտոսի 5-րդ և 6-րդ դինաստիա | Ռեյսներ (1903–05) | Քարաշեն մաստաբաներ |
Գերեզման G 1100 | Եգիպտոսի 5-րդ և 6-րդ դինաստիա | Ռեյսներ (1903–05) | Քարաշեն մաստաբաներ |
Գերեզման G 1200 | Հիմնականում Եգիպտոսի 4-րդ դինաստիա | Ռեյսներ (1903–05) | Քեոփսի ընտանիքի որոշ անդամներ՝ Վեպեմնեֆերտը (փարավոնի տղան), Կաեմ-ահը (փարավոնի տղան), Նեֆերտիաբեթը (փարավոնի դուստրը) թաղված են այստեղ |
Գերեզման G 1300 | Եգիպտոսի 5-րդ և 6-րդ դինաստիա | Ռեյսներ (1903–05) | Աղյուսաշեն մաստաբաներ |
Գերեզման G 1400 | Եգիպտոսի 5-րդ դինաստիա կամ ավելի ուշ | Ռեյսներ (1903–05) | Երկու տղամարդիկ, ովքեր Քեոփսի մարգարեներն էին |
Գերեզման G 1500 | Reisner (1931?) | Միայն մեկ մաստաբա (G 1601) | |
Գերեզման G 1600 | Եգիպտոսի 5-րդ դինաստիա կամ ավելի ուշ | Ռեյսներ (1931) | Երկու տղամարդիկ, ովքեր Քեոփսի մարգարեներն էին |
Գերեզման G 1900 | Ռեյսներ (1931) | Միայն մեկ մաստաբա (G 1903) | |
Գերեզման G 2000 | Եգիպտոսի 5-րդ և 6-րդ դինաստիա | Ռեյսներ (1905–06) | |
Գերեզման G 2100 | Եգիպտոսի 4-րդ և 5-րդ դինաստիա և ավելի ուշ | Ռեյսներ (1931) | G 2100-ը պատկանում է փարավոնի թոռանը՝ Մերիբին, G2101-ը պատկանում է 5-րդ դինաստիայի փարավոնի դստերը |
Գերեզման G 2200 | Ուշ 4-րդ կամ վաղ 5-րդ դինաստիա | Ռեյսնե՞ր | Մաստաբա G 2220 |
Գերեզման G 2300 | Եգիպտոսի 5-րդ և 6-րդ դինաստիա | Ռեյսներ (1911–13) | Ներառում է վեզիր Սենեջեմիբ-Ինտիի և իր ընտանեկան մաստաբաները |
Գերեզման G 2400 | Եգիպտոսի 5-րդ և 6-րդ դինաստիա | Ռեյսներ (1911–13) | |
Գերեզման G 2500 | Ռեյսներ | ||
Գերեզման G 3000 | Եգիպտոսի 6-րդ դինաստիա | Ֆիշեր և Էքլի Քեյս ավագ (1915) | |
Գերեզման G 4000 | Եգիպտոսի 4-րդ դինաստիա և ավելի ուշ | Յունկեր և Ռեյսներ (1931) | Ընդգրկում է վեզիր Հեմիունի գերեզմանը |
Գերեզման G 6000 | Եգիպտոսի 5-րդ դինաստիա | Ռեյսներ (1925–26) | |
Յունկերի արևմտյան գերեզման | Եգիպտոսի Հին թագավորության ուշ շրջան | Յունկեր (1926–27) | Ընդգրկում է կարճահասակ Սենեբի մաստաբան |
Սթեյնդորֆի գերեզման | Եգիպտոսի 5-րդ և 6-րդ դինաստիա | Սթեյնդորֆ (1903–07) | |
Յունկերի արևելյան գերեզման | Եգիպտոսի Հին թագավորության ուշ շրջան | Յունկեր |
Արևելյան դաշտը գտնվում է Քեոփսի բրգից դեպի արևելք և ներառում է G 7000 գերեզմանը: Այն Քեոփսի ընտանիքի որոշ անդամների գերեզմանատեղին է: Գերեզմանն ընդգրկում է նաև բուրգի բնակիչների և քրմերի մաստաբաները, որոնք թվագրվում են 5-րդ և 6-րդ դինաստիաների ժամանակաշրջանով:
G 7000 գերեզմաններ – թագավորական ընտանիքի անդամներԴամբարանի համար | Պատկանում է | Մեկնաբանություններ |
---|---|---|
G 7000 X | Թագուհի Հետեֆերես I | Քեոփսի մայրը |
G 7010 | Նեֆերտկաու I | Սնեֆերուի դուստրը, Քեոփսի արյունակից քույրը |
G 7060 | Նեֆերմաատ I | Նեֆերտկաու I-ի և վեզիր Խաֆրայի որդին |
G 7070 | Սնեֆերուխաֆ | Նեֆերմաատ II-ի որդին |
G 7110–7120 | Քավաբ և Հետեֆերես II | Քավաբը Քեոփսի ամենաավագ որդին էր |
G 7130–7140 | Խուֆուխաֆ I և Նեֆերտկաու II | Փարավոնի որդին և վեզիրը և նրա կինը |
G 7210–7220 | Ջեդեֆհոր | Քեոփս և Մերիտիտես փարավոնների որդին |
G 7350 | Հետեֆերես II | Քավաբայի, իսկ հետագայում Ջեդեֆրեի կինը |
G 7410–7420 | Մերեսանխ II և Հորբաեֆ | Մերեսանխը փարավոնի դուստրն էր և նրա կինը |
G 7430–7440 | Մինխաֆ I | Քեոփսի որդին և Խաֆրայի վեզիրը |
G 7510 | Անխհաֆ | Սնեֆերուի որդին և Խաֆրայի վեզիրը |
G 7530–7540 | Մերեսանխ III | Քավաբի և Հետեֆերես II-ի դուստրը, Խաֆրայի կինը |
G 7550 | Դուաենհոր | Հավանաբար Քավաբի որդին և Քեոփսի թոռը |
G 7560 | Ախեթոտեփ և Մերիտիտես II | Մերիտիտեսը Քեոփսի դուստրն է |
G 7660 | Կաեմսեխեմ | Քավայի որդին, Քեոփսի թոռը, ծառայել է որպես ապարանքի տնօրեն |
G 7760 | Մինջեդեֆ | Քավաբի որդին, Քեոփսի թոռը, ծառայել է որպես գանձապահ |
G 7810 | Ջաթի | Մերեսանխ II թագուհու որդին |
Այս գերեզմանը թվագրվում է Մենկաուրեի (Յունկեր) կամ ավելի վաղ (Ռեյսներ) ժամանակահատվածով և ներառում է բազմաթիվ քարաշեն մաստաբաներ, որոնք թվագրվում են 6-րդ դինաստիայի ժամանակահատվածով: Մենկաուրեի ժամանակահատվածով թվագրվող գերեզմանները ներառում են արքունական կառավարիչ Խաեմնեֆերտի, փարավոնի որդի Խուֆուջեդեֆի, ով արքունական առատաձեռն պարգևների վարպետ էր և Նիանխրե անունով մի պաշտոնյայի գերեզմանները:
Կենտրոնական դաշտն ընդգրկում է արքունական ընտանիքի անդամների բազմաթիվ գերեզմաններ: Դամբարանների թվագրությունը տարբեր է՝ սկսած 4-րդից մինչև 5-րդ դինաստիա կամ անգամ ավելի ուշ:
Գերեզմանի համար | Պատկանում է | Մեկնաբանություններ |
---|---|---|
G 8172 (LG 86) | Նեբեմախետ | Խաֆրեի որդին, ծառայել է որպես վեզիր |
G 8158 (LG 87) | Նիկաուրե | Պերսենետի որդին, ծառայել է որպես վեզիր |
G 8156 (LG 88) | Պերսենետ | Խաֆրեի կինը |
G 8154 (LG 89) | Վեզիր Սեխեմքարե | Խաֆրեի և Հեքենուհեջեթի որդին |
G 8140 | Նիուսեռե | Խաֆրեի որդին, 5-րդ դինաստիայի վեզիր |
G 8130 | Նիանխրե | Փարավոնի որդին, հավանաբար 5-րդ դինաստիա |
G 8080 (LG 92) | Իունմին | Փարավոնի որդին, 4-րդ դինաստիայի վերջ |
G 8260 | Բաբաեֆ | Խաֆրեի որդին, 4-րդ դինաստիայի վերջ |
G 8466 | Իունրե | Խաֆրեի որդին, 4-րդ դինաստիայի վերջ |
G 8464 | Հեմետրե | Հավանաբար Խաֆրեի դուստրը, 4-րդ դինաստիայի վերջ կամ 5-րդ դինաստիա |
G 8460 | Անխմարե | Փարավոնի որդին և վեզիրը, 4-րդ դինաստիայի վերջ |
G 8530 | Ռեխետրե | Խաֆրեի և թագուհու դուստրը, 4-րդ դինաստիայի վերջ կամ 5-րդ դինաստիա |
G 8408 | Բունեֆեր | Փարավոնի դուստրը և թագուհին, 4-րդ դինաստիայի վերջ կամ 5-րդ դինաստիա |
G 8978 | Խամերերնեբթի I | Փարավոնի դուստրը և թագուհին, 4-րդ դինաստիայի կեսերից մինչև վերջ: Հայտնի է նաև որպես Գալարզայի գերեզման |
Սաիսյան շրջանից մինչև ավելի ուշ շրջանը թվագրվող գերեզմանները գտնվել են Խաֆրեի բուրգ տանող ուղու և Մեծ սֆինքսի մոտ: Դրանք ներառում են Ահմոս անվամբ բանակի հրամանատարի և իր մոր՝ թագուհի Նախտուբաստերաուի (փարավոն Ամասիս II-ի կինն էր) գերեզմանները:
Հարավային դաշտը ներառում են 2-3-րդ դինաստիաներով թվագրվող որոշ մաստաբաներ: Այս վաղ դինաստիայի գերեզմաններից մեկը կոչվում է Քովինգտոն գերեզման: Մնացած գերեզմանները թվագրվում են Հին թագավորության վաղ շրջանով (5-րդ և 6-րդ դինաստիաներ): Դաշտի հարավային հատվածն ընդգրկում է սաիսյան և ավելի ուշ շրջանից թվագրվող բազմաթիվ գերեզմաններ:
Բուրգեր կառուցողների գերեզմանները հայտնաբերվել են 1990 թ. բուրգերի մոտակայքում, իսկ լրացուցիչ գերեզմանատեղին հայտնաբերվել է 2009 թ.: Նրանց չզմրսված մարմինները թաղվել են ցեխաշեն գերեզմաններում, որոնցում եղել են գարեջուր և հաց, որպեսզի նրանք կարողանային գոյատևել հանդերձյալ կյանքում: Գերեզմանների մոտիկ տեղայնությունը բուրգերին և թաղման եղանակը հաստատում են այն տեսությունը, որ նրանք վարձու բանվորներ էին, որվքեր համբավ էին ձեռք բերել իրենց աշխատանքով և ստրուկներ չէին, ինչպես կարծում էին նախկինում: Ընդհանուր տարածում գտած կարծիքը, որ բուրգեր կառուցողները եղել են ստրուկներ ժողովրդականացվել է հոլիվուդյան ֆիլմերում՝ հիմնվելով սկզբնական հնագիտական և մարդաբանական այն վարկածի, որ բուրգերը չէին կարող կառուցվել առանց հարկադիր աշխատանքի: Գերեզմաններից հայտնաբերված փաստերը վկայում են, որ բուրգերը կառուցվել են 10.000 հոգուց բաղկացած աշխատուժի կողմից, ովքեր աշխատել են երեք ամիս հերթափոխով՝ 30 տարվա ընթացքում: Շինարարների մեծ մասը գալիս էր աղքատ ընտանիքներից: Գյուղական տնտեսությունները ապահովել են աշխատողներին օրական 21 եղջերավոր անասունով և 23 ոչխարով: Այնպիսի մասնագետները, ինչպիսիք են ճարտարապետները, որմնադիրները, մետաղ մշակողները և ատաղձագորձները մշտապես վարձատրվում էին փարավոնի կողմից՝ զբաղեցնելու առավել շատ հմտություն պահանջող պաշտոնները:
Նոր թագավորության ժամանակ Գիզան դեռ ակտիվ տարածք էր: 18-րդ դինաստիայի վաղ շրջանում հավանաբար Թութմոս I-ի կողմից կառուցվել է Մեծ սֆինքսի մոտ գտնվող մի աղյուսաշեն մատուռ: Ամենհոթեփ II-ը կառուցել է տվել Հորոն-Հարեմախետին նվիրված տաճար Մեծ սֆինքսի մոտ: Փարավոն Թութմոս IV-ը այցելել է բուրգեր և Մեծ սֆինքս և երազում տեղեկացել, որ Մեծ սֆինքսը մաքրելով ավազից կպարգևատրվի փարավոնի կոչմամբ: Այս իրադարձության մասին կա պահպանված արձանագրություն Երազի քարի ստելայի վրա: Իր գահակալության վաղ տարիներին Թութմոս IV-ը իր կնոջ՝ թագուհի Նեֆերտարիի հետ ստելաներ է կանգնեցրել Գիզայում: Փարավոն Թութանհամոնը կառուցել է մի կառույց, որն անվանվում է փարավոնի հանգստավայր: 19-րդ դինաստիայի շրջանում Սեթի I-ն ընդարձակեց Հորոն-Հարեմախետին նվիրված տաճարը, իսկ նրա որդի Ռամզես II-ը կանգնեցրեց մի ստելա Մեծ սֆինքսի դիմաց գտնվող մատուռում և զավթեց Թութանհամոնի հանգստավայրը:
21-րդ դինաստիայի շրջանում կառուցվեց բուրգերի տիրակալ Իսիսի տաճարը: 26-րդ դինաստիայի շրջանում կանգնեցված ստելայում հիշատակվում են Քեոփսն ու իր կինը՝ թագուհի Հենուտսենը:
Գիզայի բոլոր երեք բուրգերի կողմերը աստղագիտորեն ուղղված էին դեպի հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք: Վերջերս փորձեր են արվել բացատրելու նման կանխամտածված հստակ դիրքավորման մոդելը այնպիսի ուսումնասիրողների կողմից, ինչպիսիք են Ս. Հաաքը, Օ. Նյուգեբաուերը, Ք. Սպենսը, Դ. Ռոլինգը, Ք. Փիքերինգը և Ջ. Բելմոնտը: Բուրգերի դիրքը կրկնօրինակում է Հայկ-Օրիոնի համաստեղությունը՝ համաձայն քննարկվող Օրիոնի հարաբերակցության տեսության:
Գիզա սարահարթում հայտնաբերված են չորս գլխավոր գերեզմանոցներ՝ գերեզմանոց արևմուտքում, արևելքում, հարավում և կենտրոնական մասում։
1. Քեոփսի բուրգը 2. Քեֆրենի բուրգը |
18. Փոսեր, որտեղ գտել են Արևային նավակները |