Հիդրոպարկ (ուկր.՝ Гідропарк), զբոսայգի, որը գտնվում է Վենետիկյան և Դոլոբեցյան կղզիների վրա, Դնեպրի և Ռուսանովի նեղուցի միջև, Կիևում։ Հիդրոպարկը գտնվում է նախկին Պրեդմոստնի սլոբոդայի տեղում, որը ոչնչացվել էր 1943 թվականին Կիևի օկուպացիայի ժամանակ։ Ստեղծվել է 1965-1968 թվականներին, որպես ջրային-զվարճալիքների համալիր բազմաթիվ լողափներով, ջրային ատրակցիոնններով, նավակայաններով։ Զբոսայգու մակերեսը կազմում է 365 հա: Նախագծի ճարտարապետներն էին Վ. Լ. Սուվորովը և Ի. Պ. Շպարան։
Ամռանը Հիդրոպարկը կարող է ընդունել միաժամանակ մինչև 75 հազար մարդ, իսկ օրվա ընթացքում «Հիդրոպարկ» մետրոյի կայարանով անցնում է մինչև 250 հազար մարդ:
Կղզիները իրար են միացվում Վենետիկյան կամուրջով, որի երկարությունն է 144 մ (կառուցվել է 1966 թ.), Դնեպրի աջ ափի հետ միանում է Մետրո կամուրջով, իսկ ձախ ափի հետ Ռուսանովի մետրոյի կամուրջով։ Զբոսայգում է գտնվում «Հիդրոպարկ» մետրոյի Սվյատոշինսկո-Բրովարսկի գծի կայարանը։