Իֆ ամրոց (ֆր.՝ Château d'If), պաշտպանական կառույց Միջերկրական ծովում՝ Ֆրիուլի արշիպելագի մոտ՝ Մարսելից 4կմ հեռու:
Սկզբում կառույցը նախատեսված է եղել Մարսելը ծովային գրոհներից պաշտպանելու համար: Շինարարությունն ընթացել է 1524-1531 թվականներին թագավոր Ֆրանցիսկ 1-ինի հրամանով:
16-րդ դարի վերջերից ամրոցը օգտագործվել է խիստ վտանգավոր հանցագործներին մեկուսացնելու և պահելու համար: Հենց այդ ժամանակից էլ ամրոցը ստացել է «Իֆ» անունը: Ամրոցի զնդաններում պահվել են հուգենոտներ, քաղաքական բանտարկյալներ, Փարիզի կոմունայի առաջնորդներ, ինչպես նաև անձինք, ովքեր վտանգ են ներկայացրել Ֆրանսիայի համար:
1830-ական թվականներին Իֆ ամրոցը պաշտոնապես դադարում է բանտ լինելուց, սակայն 1871 թվականին այստեղ բանտարկվել են Փարիզի կոմունայի առաջնորդները, իսկ նրանց ղեկավար Գասթոն Կրեմյեն գնդակահարվել է Իֆ կղզում:
1844-1845 թվականներին ֆրանսիացի նշանավոր գրող Ալեքսանդր Դյուման գրում է «Կոմս Մոնտե-Քրիստո» վեպը, որտեղ նկարագրվում էին գլխավոր հերոսի՝ Էդմոն Դանտեսի բազմամյա տանջանքները Իֆ ամրոցում: Վեպը մեծ հռչակ ձեռք բերեց ֆրանսիական և համաշխարհային գրականության մեջ: Այդ պատճառով էլ սկսած 1890 թվականից՝ Իֆ ամրոցի բացումից, ամրոցը զբոսաշրջիկների պակաս չի ունեցել: Ամրոցում ներկայացվում են վեպի ստեղծագործական պատմությանը կապված ցուցադրություն, նրա բազմաթիվ էկրանավորումները, «Մոնտե-Քրիստո» անունով ձեռնարկություններ ու ապրանքներ:
Ամրոցի առաջին հարկում զբոսաշրջիկների համար բացվել է Էդմոն Դանտեսի խուցը, որի բանտարկյալը Դյումայի մտահղացմամբ Էդմոն Դանտեսն է եղել: Բանտախուցը թունելով միացված է պատուհաններ չունեցող կիսանկուղային սենյակին, որը, վեպի բովանդակության համաձայն, աբբա Ֆարիայի խուցն է: Խցում տեղադրված է հեռուստաէկրան, որով ցուցադրվում են տարբեր ֆիլմերից հատվածներ՝ Դանտեսի և Ֆարիայի հանդիպումը պատկերող տեսարաններով:
Ամրոցի երկրորդ հարկում ներկայացված է բանտախուց, որում պահվել է խորհրդավոր բանտարկյալ «Երկաթե դիմակը»:
Իֆ ամրոցին հռչակ են բերել բացառապես երկու բանտարկյալներ՝ Երկաթե
դիմակը, որը երբեք այնտեղ չի եղել, և Էդմոն Դանտեսը, որը երբեք
գոյություն չի ունեցել:
- Ալեն Դեկո
|
Այսօր Իֆ ամրոցը Մարսելի այցեքարտերից է. քաղաքի շատ հյուրեր ձգտում են այցելել կղզի: Ամրոցում կազմակերպվում են շրջագայություններ տարբեր բանտախցերով, վաճառվում են հուշանվերներ, իսկ բաց հրապարակում գործում է սրճարան՝ Մարսելի տեսարանով: