Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգի (1990-ական թվականներից պաշտոնական անվանումը, Տիշ ընտանիքի անվան Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգի (եբր.՝ גן החיות התנ"כי בירושלים על שם משפחת טיש, արաբ․՝ حديقة الحيوان الكتابية في أورشليم القدس)), կենդանաբանական այգի Երուսաղեմում: Գտնվում է Արևմտյան Երուսաղեմի Մալխա միկրոշրջանում: Հիմնադրվել է 1940 թվականին Երուսաղեմի հրեական համալսարանի կենդանաբանության պրոֆեսոր Ահարոն Շուլովի կողմից:
Կենդանաբանական այգու առանձնահատկությունն այն է, որ այստեղ ներկայացված են Թանահում հիշատակված Իսրայել երկրի կենդանիների հավաքածուն (որի հետ էլ կապված է կենդանաբանական այգու պատմական անվանումը): Կենդանաբանական այգին հայտնի է նաև անհետացող կենդանատեսակների բուծման բնագավառում ձեռք բերված հաջողություններով: Այստեղ ցուցադրվում են 200-ից ավելի կենդանատեսակներ:
Բիբլիական կենդանաբանական այգին Իսրայելում ժողովրդականություն վայելող ամենատեսարժան վայրերից մեկն էր 2005-2007 թվականներին: 2009 թվականին ունեցել է ռեկորդային թվով այցելուներ (738000 այցելու): Համարվում է Իսրայելի տեսարժան վայրերից մեկը:
Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգու պատմությունը սկսվում է 1940 թվականի սեպտեմբերից, երբ քաղաքի կենտրոնում՝ Ռաբբի Կուկա փողոցում, հայտնվեց փոքրիկ «կենդանի անկյուն», որտեղ պահվում էին մի զույգ կապիկներ և անապատային վարան: Կենդանաբանական այգին հիմնադրվել է Երուսաղեմի հրեական համալսարանի կենդանաբանության պրոֆեսոր Ահարոն Շուլովի կողմից Սկոպուս լեռան վրա: Շուլովը նպատակադրվել էր իր ուսանողների համար ստեղծել հետազոտությունների հարթակ, հավաքել կենդանիներ, սողուններ և թռչուններ, որոնք հիշատակված են Աստվածաշնչում, և ինչպես ինքն է գրել 1951 թվականին, քանդել այն «անտեսանելի պատը», որն առկա է Սկոպուս լեռան բանական էակների և զանգվածային հասարակության միջև:
Իր գոյության սկզբում կենդանաբանական այգին մի շարք դժվարությունների հանդիպեց՝ կենտրոնանալով Աստվածաշնչում հիշատակված կենդանիների հավաքագրման մտադրության վրա: Դրանցից մեկը այն էր, որ շատ կենդանիների, սողունների և թռչունների անունների թարգմանությունները հաճախ անհասկանալի էին, օրինակ՝ նեշեր (եբր.՝ נשר), սովորաբար թարգմանվում է որպես «արծիվ», բայց կարող է նշանակել նաև «արծվառյուծ»: Եվ որ ավելի կարևոր է Աստվածաշնչում հիշատակված կենդանիների մեծ մասը ոչնչացել են բնական միջավայրի փոփոխության, անօրինական որսի և թունաքիմիկատների օգտագործման և ծնելիության ցածր մակարդակի պատճառով: Կենդանաբանական այգու նախագծողները որոշեցին դուրս գալ Աստվածաշնչում հիշատակված կենդանիների շրջանակից և ընդգրկել կենդանիների այնպիսի տեսակներ, որոնց գոյությունը վտանգված է ողջ աշխարհում:
Կենդանի անկյան առկայությունը տեղիք տվեց մոտակա տների բնակիչների բողոքներին, հոտի, աղմուկի և փախած կենդանիներից եկող վտանգների պատճառով: Բողոքների շնորհիվ և քաղաքային իշխանությունների օժանդակությամբ Ահարոն Շուլովը Շումել Հա-Նավի փողոցի մոտակայքում գտավ 4,5 հեկտար հողատարածք կենդանաբանական այգու համար, որը 1948-1967 թվականների ժամանակահատվածում հայտնի էր «Մանդելբաումի դարպասներ» անվանումով: 1941 թվականին կենդանաբանական այգին տեղափոխվեց այդ տարածք: Այստեղ հարևանները նույնպես դժգոհում էին, բայց կենդանաբանական այգին այստեղ գործեց հետագա վեց տարիների ընթացքում:
1947 թվականին կենդանաբանական այգին տեղափոխվեց Հրեական համալսարանի կողմից Սկոպուս լեռան վրա հատկացված հողատարածք, որտեղ գտնվեց մինչև 1950 թվականը: Այս տարածքից օգտվելու ժամանակահատվածը համընկավ 1948 թվականի Արաբա-իսրայելական պատերազմի հետ: Պատերազմի սկսվելուց հետո կենդանիների խնամքն ու կերակրումը հիմնականում կատարվում էր գիշերը, քանի որ ցերեկային ժամերին կենդանաբանական այգու աշխատակիցները կարող էին հարմար թիրախ դառնալ թշնամու դիպուկահարների համար: Երուսաղեմի պաշարման ժամանակ բնակչության սննդամթերքի պաշարները նվազեցին, իսկ գիշատիչ կենդանիներին կերակրելու համար կենդանաբանական այգու աշխատակիցները որսում էին աղբավայրերում թափառող շներին: Սակայն գիշատիչներից շատերը սատկեցին, տնօրենի կարծիքով կենդանիների որոշ ոչ վտանգավոր տեսակներ, որոնք կարող էին ինքնուրույն գոյատևել , ազատ բաց թողնվեցին: Այս ամենի արդյունքում կենդանաբանական այգու գրեթե ողջ հավաքածուն կորավ և ոչնչացավ:
Պատերազմի ավարտին կրակի դադարեցման մասին Իսրայելա-հորդանանյան համաձայնագրի շրջանակներում սահմանափակվեց մուտքը Սկոպուս լեռան տարածք: Միավորված ազգերի կազմակերպությունը օժանդակեց կենդանաբանական այգուն Արևմտյան Երուսաղեմի Գիվաթ Կոմունի շրջանում 15 հեկտար հողատարածք հատկացնելու հարցում: Ըստ Շուլովի՝ երբ կենդանաբանական այգին տեղափոխվեց Ռոմեմ, այնտեղ մնացել էին երկու գայլ, մեկ բորենի, մեկ առյուծ և մեկ ընձառյուծ (այլ տեղեկություններով կենդանաբանական այգու հավաքածուում մնացել էր 18 կենդանի):
1950 թվականի հոկտեմբերի 5-ին Ռոմեմում բացված կենդանաբանական այգին գոյատևեց մինչև 1991 թվականը, դառնալով երուսաղեմցիների սիրված հաստատություններից մեկը: Նրա այցելուների շուրջ 30 տոկոսը կազմում էին հյուսիսայի Երուսաղեմի հարեդիմ համայնքի ընտանիքի անդամները և մուսուլմանական ընտանիքները Արևելյան Երուսաղեմից, բնակչության այս երկու խմբերն էլ չէին մասնակցում քաղաքի մշակութային միջոցառումներին: Կենդանաբանական այգու տարածքը աճեց հասնելով մինչև 28 հեկտարի, իսկ կենդանատեսակների թիվն ավելի քան 200-ի, ներառյալ Աստվածաշնչում հիշատակված 130 տեսակների մեծ մասը, այդ թվում անցյալ դարերում Պաղեստինի տարածքից անհետացած տեսակներ: Այլ կենդանաբանական այգիների հետ փոխանակումների, նվիրատվությունների ու կենդանիների բուծման բնագավառում ձեռք բերված հաջողությունների շնորհիվ 1967 թվականին կենդանաբանական այգու հավաքածուն գերազանցեց 500-ը (այլ տեղեկություններով երկու տասնամյակում աճել է հասնելով մինչև 700 օրինակի): Սակայն Վեցօրյա պատերազմի ժամանակ կենդանաբանական այգին նորից տուժեց 110 կենդանիներ սպանվեցին արկերից և պատահական գնդակներից: Հետագայում կենդանաբանական այգին տեղափոխվեց Երուսաղեմի Թել Արզա թաղամաս:
Կենդանաբանական այգին կառավարվում է ոչ առևտրային կորպորացիայի կողմից, որտեղ ընդգրկված են ներկայացուցիչներ Երուսաղեմի Հրեական համալսարանից, Երուսաղեմի քաղաքապետարանից և Իսրայելի տուրիզմի ու կրթության նախարարությունից: Սակայն կենդանաբանական այգին քիչ միջոցներ ուներ: 1983 թվականին տնօրենի պաշտոնից ազատված Շուլովը հաճախ կատարում էր տնօրենի պարտականությունները անվճար: Բացի այդ Երուսաղեմի կենդանաբանական այգին շատ հարցերում զիջում էր Թել Ավիվի և Հայֆայի համանման այգիներին:
1965 թվականին Երուսաղեմի քաղաքապետ դարձած Տեդդի Կոլլեկը դարձավ կենդանաբանական այգու գլխավոր աջակիցներից մեկը, որը միջոցներ էր հավաքագրում նրա համար Երուսաղեմի հիմնադրամի միջոցով: Կոլլեկը աջակցում էր կենդանաբանական այգու ավելի ընդարձակ տարածք տեղափոխելու և գերժամանակակից հաստատություն դարձնելու գաղափարին, ինչպես նաև զբոսաշրջային գրավչություն ապահովել հրեական աշխարհիկ ու կրոնական և արաբական ընտանիքների համար: 1990 թվականին (այլ տեղեկություններով 1980-ական թվականների սկզբին), Երուսաղեմի հիմնադրամի աջակցությամբ նյու յորքյան Տիշ ընտանիքը համաձայնվեց վճարել 5 միլիոն դոլար, 30 միլիոն դոլարանոց նախագծի իրականացման համար: Եվս 10 միլիոն ստացվեց ստացվեց Ռոմեմում գտնվող հողատարածքի վաճառքից, որտեղ բնակելի տների շինարարություն էր իրականացվում: Իրենց ներդրումները ունեցան նաև Երուսաղեմի քաղաքապետարանը, Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը, Երուսաղեմի հիմնադրամը և այլ մասնավոր հովանավորներ: 1991 թվականին փակվեց Ռոմեմում գտնվող կենդանաբանական այգին, իսկ 1993 թվականին երկու տարվա նորոգումից հետո Մալհայի հովտում իր դռները բացեց նոր կենդանաբանական այգին, որը գտնվում էր քաղաքի կենտրոնից 7 կիլոմետր հարավ արևմուտք: Կենդանաբանական այգու նախնական բացումը տեղի է ունեցել 1993 թվականի փետրվարի 28-ին, իսկ պաշտոնական բացումը կայացել է 1993 թվականի սեպտեմբերի 9-ին: Ներկայումս այն կրում է Երուսաղեմի Տիշ ընտանիքի կենդանաբանական այգի ժամանակակից անվանումը: Այնուամենայնիվ հանրության շրջանում լայն տարածում է գտել Բիբլիական (կամ Նոր Բիբլիական) կենդանաբանական այգի անվանումը:
Miller-Blum & Associates Landscape Architect-ի կողմից նախագծված և Moriah Jerusalem Development Corporation-ի կողմից կառուցված կենդանաբանական այգին զբաղեցնում է 25 հեկտար տարածք հովտում, որը շրջապատված է բլուրների վրա տեղակայված Մալհա և Գիվաթ Մասուա թաղամասերով: Հաստատվել է կենդանաբանական այգու տարածքը մինչև 400 հեկտարի հասցնելու ծրագիր: Այգու բնապատկերը զարդարում են Իսրայելի տարածքում աճող ծառեր և թփեր, որոնցից շատերը հիշատակվում են Աստվածաշնչում:
Կենդանաբանական այգին հիմնականում կառուցված է երկու մակարդակների վրա: Մեքենայացված շարժակազմի միջոցով այցելուները շրջանաձև երթուղով տեղափոխվում են ստորին մակարդակից դեպի վերին մակարդակ: Այգին հասանելի է նաև հաշմանդամների համար, յուրաքանչյուր շարժակազմում կա մեկ հաշմանդամի անվասայլակ:
Ստորին մակարդակի գլխավոր օբյեկտը համարվում է արհեստական լիճը, որտեղ կան երկու կղզիներ, որոնցում էլ ներկայացված են կապիկների տարբեր տեսակներ: Լիճը սնվում է մի քանի ավազաններից և ջրվեժներից, որոնք սկսվում են «Մովսեսի ժայռ» անվանումով արհեստական ջրվեժից: Ջուրը վերամշակվում է և ստորգետնյա համակարգի միջոցով նորից մղվում դեպի Մովսեսի ժայռ:
Այգու արևմտյան վերջնամասում վեր է բարձրանում փայտե երկհարկանի տեղեկատվական կենտրոնը նավակի տեսքով, որը ըստ մտահղացման հիշեցնում է Նոյյան տապանը: Այն իր մեջ ներառում է լսարան, գեղարվեստի պատկերասրահ, նվերների խանութ, խորտկարան և համակարգչային կայան, որը տեղեկատվություն է տրամադրում Աստվածաշնչում հիշատակված կենդանիների վերաբերյալ:
Կենդանաբանական այգու տարածքում կան մի քանի խորտկարաններ և սրճարաններ, ողջ այգու տարածքում տեղադրված են նստարաններ և սեղաններ զբոսախնջույքների համար: Կան նաև երեխաների համար նախատեսված կենդանաբանական թեմատիկայով մարմնամարզական «ջունգլիներ» և քանդակների այգի, որտեղ գտնվում են ֆրանսիացի քանդակագործ Նիկի դե Սեն-Ֆալլի նախագծված և դեկորատիվ քարերով, հայելիներով ու խճաքարով պատրաստված կենդանիների 23 քանդակներ, որոնք իրենցից ներկայացնում են նաև մագլցման խաղալիքներ, իսկ շվեյցարացի քանդակագործ Մարիո Բոտտայի կողմից նախագծվել և պատրաստվել է Նոյյան տապանի ստորգետնյա քանդակը: Երեխաները կարող են դիտել կենդանիների մասին 3D-ֆիլմեր կենդանաբանական այգու մուտքի մոտ գտնվող փոքրիկ կինոդահլիճում:
Կենդանաբանական այգու ավանդական ենթակառուցվածքները, որոնք բաղկացած էին ցանկապատերից և վանդակներից, փոխարինվել են բաց տարածությամբ, որոնք առանձնացված են այցելուներից առուներով, ջրանցքներով, փոսերով, կամրջակներով և ապակե պատուհաններով, մեծավանդակները ապահավված էին փակ ապաստաններով, վատ եղանակին պատսպարվելու համար: Միակ տեղամասը որտեղ հանրությունը կարող էր շփման մեջ մտնել կենդանիների հետ, դա լեմուրների երկիրն էր, «շփման ավազանը» Wet Side Story ջրաշխարհում և մանկական կենդանաբանական այգին, որտեղ երեխաները կարող էին կերակրել և խաղալ թզուկ այծերի, ոչխարների, ճագարների և ծովախոզուկների հետ:
Կենդանիները և թռչունները բնակվում են բնական միջավայրում, աֆրիկյան սավանաներից մինչև մերձարևադարձային խոնավ ջունգլիներ և մկների ու ուտիճների ստորգետնյա աշխարհ: Տափաստանային մկնորս բազեների ցուցադրությունը նախատեսվում էր կատարել Երուսաղեմի Մորաշա շրջանի տների տեսքով կառուցված կացարաններում, որոնք ի սկզբանե համարվում էին այդ թռչունների բնակալման արեալ: Աստվածաշնչում հիշատակված յուրաքանչյուր կենդանու կամ թռչնի տեղեկատվական ցուցանակի վրա ավելացված է բիբլիական բանաստեղծություն եբրայերենով, արաբերենով և անգլերենով:
Կենդանաբանական այգու «կուլիսներում» գործում է բժշկական կենտրոն կենդանիների համար, վիրաբուժական, վերականգնողական և բուժական սենյակներով, լաբորատորիայով և կարանտինի բլոկով, որտեղ ստուգվում է նոր ընդունվող և այլ կենդանաբանական այգիներ ուղարկվող կենդանիների առողջական վիճակը և հիվանդությունների առկայությունը: Այս բժշկական կենտրոնը սպասարկում է կենդանաբանական այգու բոլոր կենդանիներին, բացառությամբ, փղերի, ընձուղտների, ռնգեղջյուրների, գետաձիերի և բիզոնների, որոնց բժշկական սպասարկումը իրականացվում է իրենց ցուցադրության տարածքներում:
Ավտոկայանատեղիում տեղավորվում են 500 տրանսպորտային միջոցներ: Կենդանաբանական այգու հիմնադրի պատվին այգու երկայնքով անցնող փողոցը կոչվել է Ահարոն Շուլովի անվամբ:
Երուսաղեմի կենդանաբանական այգու ներկայիս ղեկավարությունը և հիմնադիրները իրենց առջև խնդիր էին դրել ցուցադրության հավաքածուում ներկայացնել Աստվածաշնչում հիշատակված կենդանիների հնարավորինս շատ տեսակներ: Վարչակազմի կողմից ջանքեր էին գործադրվում ներկայացված տեսակներն աստվածաշնչյան տեքստերին առավելագույնս համապատասխանեցնելու նպատակով, այսպես օրինակ, կենդանաբանական այգու ցուցադրությունում ներկայացված է Պաղեստինի տարածքից հարյուր տարի առաջ անհետացած գորշ արջի ենթատեսակ, իսկ լայնորեն հայտնի աֆրիկյան առյուծի փոխարեն հավաքածուում ներառված է ասիականը, քանի որ ենթադրաբար հենց այդ տեսակի առյուծներ են գոյություն ունեցել Պաղեստինում դեռևս 800 տարի առաջ: Արդեն 20-րդ դարի 80-ական թվականներին Աստվածաշնչում հիշատակված 130 տեսակի կենդանիները ներկայացված էին կենդանաբանական այգու հավաքածուում:
21-րդ դարի սկզբին Երուսաղեմի կենդանաբանական այգու հավաքածուում պահվում էին ավելի քան 200 տեսակի կենդանիներ, ընդ որում 2007-2009 թվականների ընթացքում ներկայացված տեսակների թիվը աճել է՝ 208-ից հասնելով մինչև 271-ի: 2009 թվականին կենդանաբանական այգու ցուցադրություններում ընդգրկված էին կաթնասունների 68 տեսակ, 28 տեսակի սողուններ, 11 տեսակի երկկենցաղներ, ձկների 60 տեսակ և թռչունների ավելի քան 100 տեսակ, ընդհանուր առմամբ 2200 նմուշ:
Կենդանաբանական այգու կենդանիների կողմից օրական սպառվող մրգերի և բանջարեղենի հսկայական քանակը մատակարարվում է անվճար, Շուլովի կողմից իսրայելական ընկերությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ, ըստ որի, նրանք հրեական օրենքին համապատասխան իրենց արտադրանքի տասներորդ մասը հատկացնում են այդ նպատակին: Երուսաղեմի տաճարի տերումայի ժամանակներում գյուղատնտեսական արտադրանքի տասներորդ մասը հատկացվում էր քոհեններին (քահանաներին) և նրանց կենդանիներին: Տաճարի կործանումից հետո ռաբբիները որոշեցին, որ արտադրանքի տասներորդ մասը չի կարելի օգտագործել և այն պետք է ոչնչացվի: Բիբլիական կենդանաբանական այգու կենդանիները խորհրդանշական ձևով վաճառվեցին Քոհենին, որպեսզի հնարավոր լինի արտադրանքի տասներորդ մասը հատկացնել նրանց: Բիբլիական կենդանաբանական այգու կենդանիները տեղական կրոնական խորհրդի բաշխման համակարգի միջոցով օրական ստանում են շուրջ մեկ տոննա ընտիր մրգեր և բանջարեղեն: Գիշատիչների կողմից օգտագործվող միսը հատկացնում էին կաշերային մսագործները, անասնաբույժները և ձկնորսները: Այգում որպես կեր օգտագործվում էին առանձին ծառատեսակների` փյունիկյան արմավենու, ձիթենու և եղջերենու հատված ճյուղերը:
Փեսախի ժամանակ ամբողջ կենդանաբանական այգին մաքրվում է, կենդանիներին հացամթերքների փոխարեն կերակրում են մացայով, իսկ թռչուններին բրնձով:
Կենդանաբանական այգին իր գլխավոր նպատակն է համարում անհետացող տեսակների պահպանությունը: Այս խմբի մեջ են մտնում Աստվածաշնչում հիշատակված այն կենդանիները, որոնք ներկայումս անհետացել են Իսրայելից, ինչպիսիք են ասիական առյուծը, սիրիական գորշ արջը, ասիական վագրակատուն, նեղոսյան կոկորդիլոսը և իրանական եղնիկը: Այն իր մեջ ընդգրկում է աշխարհի տարբեր մասերում անհետացող այնպիսի կենդանատեսակներ, ինչպիսիք են ասիական փիղը, մակաո թութակի հազվագյուտ տեսակներ, կորելլան, իբիսը և ոսկեգույն թռվռան կապիկը:
Այդ նպատակին հասնելու համար կենդանաբանական այգին միջոցներ է ձեռնարկում կենդանիների անազատության պայմաններում բազմացման և որոշ դեպքերում վայրի բնություն վերադարձնելու ուղղությամբ: Երուսաղեմի կենդանաբանական այգին ակտիվ աշխատանքներ է տանում անհետացող կենդանատեսակների բնական պայմաններում վերաբնակեցման ուղղությամբ: Այդ ծրագրի շնորհիվ բուծվել և բնական արգելոցներում վերաբնակեցվել են Իսրայելի տարածքից անհետացած 11 կենդանատեսակներ, ինչպիսիք են սիրիական գորշ արջը, աֆրիկյան այծքաղը, սպիտակագլուխ անգղը և եղնիկների երկու տեսակ, այդ թվում իրանական եղնիկը: Այս ծրագրի շնորհիվ կենդանաբանական այգին հաջողությամբ ավելացրել է իրանական եղնիկների թիվը Իսրայելում: Ենթադրվում էր, որ այս տեսակը 20-րդ դարում ամբողջությամբ ոչնչացել է, մինչև 1956 թվականին Իրանում հայտնաբերվեց այդ եղնիկների ոչ մեծ քանակ: 1978 թվականին այդ եղնիկներից չորսը բերվեց Իսրայել և այդ ժամանակից ի վեր դրանց թիվը աճեց հասնելով մի քանի հարյուրի, իսկ դրանց բուծման հիմնական վայրը համարվում է Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգին: Զուգահեռաբար իրականացվում է անհետացման եզրին գտնվող նեգևյան կրիայի պահպանության ծրագիրը, որը ենթադրում է դրանց բուծումը արհեստական ինկուբացիայի եղանակով:
Գիշատիչների ձվերի արհեստական ինկուբացիայի Ազգային կենտրոնում իրականացվում է այն գիշատիչ թռչունների ինկուբացիոն բազմացումը, որոնք Իսրայելում գրեթե անհետացել են կամ էլ դրանց թվաքանակը կրճատվել է անազատության պայմաններում չբազմանալու պատճառով: Սպիտակագլուխ անգղն համարվում է անհետացող տեսակ և դրա արհեստական բուծման ուղղությամբ ակտիվ հետազոտական աշխատանքներ են իրականացվում: Կենդանաբանական այգին կարողացավ հաջողությամբ կազմակերպել այլանդակված թևերով անգղերի բուծումը, որը թռչնաբաններն անհնարին էին համարում: Երկու տարեց անգղերին օգտագործում էին նաև ինկուբացիոն ձվերից ճտերին հանելու և դրանց աճեցման ժամանակ: Բացի այդ, կենդանաբանական այգին մասնակցում էր սպիտակագլուխ անգղերի վայրի բնության մեջ բուծման համազգային ծրագրին, որը համակարգվում էր Իսրայելի բնության և այգիների վարչության կողմից:
Ամեն անգամ, երբ թռչունները վերադարձվում էին վայրի բնություն, կենդանաբանական այգին կազմակերպում էր ոչ մեծ արարողություններ: 1996 թվականին, «Ազատություն» անվամբ, սպիտակագլուխ անգղին վայրի բնություն ազատ արձակելու արարողությանը կենդանաբանական այգին հրավիրել էր իսրայելցի գերեվարված շտուրման Ռոն Արադի մորը:
Կենդանաբանական այգին համարվում է վերարտադրողական միջամտության բնագավառում համաշխարհային առաջատարը և զբաղվում է դրա ուսուցմամբ: Կենդանաբանական այգու կողմից ձեռք բերված ամենամեծ հաջողությունը դարձավ 2005 թվականի դեկտեմբերին Գաբի փղիկի ծնունդը, դա առաջին փղիկն էր Իսրայելում, որ ծնվել էր ձվաբջջի արհեստական բեղմնավորման արդյունքում: Կենդանաբանական այգիների կենդանիների վերարտադրության կենսաբանության և վայրի բնության ուսումնասիրության կառավարման բեռլինյան ինստիտուտի թիմի հետ համատեղ կենդանաբանական այգու անասնաբույժները բեղմնավորեցին իրենց փղերից մեկին, Թամարին, Անգլիայի Բերդֆորդշիրի կենդանաբանական այգու Էմմետա փղից վերցված սերմնահեղուկով: 2005 թվականի դեկտեմբերի 10-ին 108 երկրներում ավելի քան 350000 մարդ կենդանաբանական այգու վեբ կայքի ուղիղ հեռարձակման միջոցով դիտում էին Գաբբիի ծննդյան վեցժամյա գործընթացը: Ծնված փղիկը բնակվում է Թուրքիայի կենդանաբանական այգիներից մեկում:
Կենդանաբանական այգու կողմից իրականացվում է նաև անազատության պայմաններում կույր քարանձավային ծովախեցգետինների բուծման Typhlocaris galilea ծրագիրը:
Կենդանաբանական այգին համարվում է նաև կենդանիների ծնելիության նկատմամբ հսկողության իրականացման առաջամարտիկներից մեկը: Այստեղ առաջին անգամ օգտագործվեց տեգային ատրճանակ, մայր ընձուղտի ազդրի մեջ դանդաղ ներգործության հորմոն ներարկելու համար, նա համարվում էր կենդանաբանական այգում բնակվող արու ընձուղտի ձագը և մերձազգակցական խաչասերումն անցանկալի է: Կենդանաբանական այգին օգտագործում է դանդաղ արտազատվող հորմոններ, շիմպանզեի և մանդրիլի պոպուլյացիայի նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով, որոնց վերարտադրության արագությունը իրենց զբաղեցված տարածքի համեմատ չափազանց բարձր է, ուստի անասնաբույժների կարծիքով կենդանիներին բազմանալու հնարավորություն տալը և նրանց ընտանիքի անդամներին այլ կենդանաբանական այգիներ տեղափոխելը աննպատակահարմար է:
Նորածին կենդանիները, որոնց համար նրանց ծնողները վտանգավոր են կամ նրանց կողմից անտեսված, խնամվում են անասնաբուժական անձնակազմի կողմից: Օրինակ, 2008 թվականի դեկտեմբերի 31-ին նոր ծնված վագրիկին, որը անտեսված էր մոր կողմից, աշխատակիցներից մեկը տուն տարավ խնամելու և շշով կերակրելու նպատակով: Նորածին ընձառյուծը, որն անտեսված էր իր մոր կողմից, երեք ու կես ամիս ցերեկը խնամվում էր կենդանաբանական այգում, իսկ երեկոյան անասնաբույժների տանը:
Կենդանաբանական այգին բժշկական օգնություն էր ցուցաբերում նաև ազատության մեջ գտնվող վնասված կամ վիրավոր կենդանիներին և թռչուններին, վայրի կենդանիները կամ նորից բաց էին թողնվում բնական միջավայր, (եթե նրանք առողջ են), կամ էլ տեղավորվում էին այլ կենդանաբանական այգիներում: 2000-ական թվականների վերջերին կառուցվեց մեծավանդակ բվեճների համար, որտեղ կենդանաբանական այգու աշխատակիցները բուժում և խնամում են նրանց:
Հանրային կրթությունը համարվում է կենդանաբանական այգու առաջնահերթ խնդիրներից մեկը: Կենդանաբանական այգու գլխավոր տնօրեն Շաի Դորոնի կարծիքով՝ սկսած 1993 թվականից «իրենց բարոյական գոյության աղբյուրը համարվում է այցելուների կրթությունը և տեղեկացվածության բարձրացումը»:
Շատ իսրայելցիների, ինչպես հրեաների, այնպես էլ արաբների համար կենդանաբանական այգի այցելելը անսովոր է և ցուցադրվող կենդանիներին տեսնելիս նրանք «ընկնում են էյֆորիայի մեջ»: Հանգստյան և տոնական օրերին կենդանաբանական այգու տասնյակ աշխատակիցներ հերթապահում են մեծ վանդակների մոտ, որպեսզի թույլ չտան, որ այցելուները սնունդ կամ այլ առարկաներ նետեն կենդանիներին: Կենդանիները սիրում են ճաշակել ընկույզով և եգիպտացորենով պատրաստված հայտնի մանկական Բամբա խորտիկը (չնայած այն կապիկների մոտ լուծ է առաջացնում), բացի այդ այցելուների կողմից հաճախ վանդակ են նետվում շշեր, պոլիէթիլենային տոպրակներ և մանկական կոշիներ: 1997 թվականին մեծ սղոցակտուցին սատկած էին գտել իր վանդակում, կողքին ավոկադոյի կտորներ, որոնք հայտնի են որպես թույն թռչունների համար: 2006 թվականին գետաձին սատկել էր մեծ վանդակ նետված թենիսի գնդակը կուլ տալու պատճառով: Կենդանաբանական այգու անձնակազմը հավաստիացնում է, որ վերջին մեկ ու կես տասնամյակի ընթացքում այցելուների հանրային իրազեկման մակարդակը բարձրացել է:
Դպրոցական խմբերի, հատուկ կրթական ծրագրերի և ճամբարային խմբերի կազմում այցելությունների շնորհիվ երեխաները տեղեկատվություն են ստանում կենդանիների մասին և համագործակցում նրանց հետ: Երեխաների համար անցկացվող հանրակրթական միջոցառումները, ներառյալ կենդանաբանական այգու կողմից կազմակերպվող երիտասարդական շարժումները նպաստում են հրեա և արաբ երիտասարդության միջև միջռասսայական կապերի ամրապնդմանը: Կենդանաբանական այգին կազմակերպում է նաև շարժական սեմինար «Զոոմոբիլ» անվանումով, որի միջոցով դպրոցներ, հիվանդանոցներ և այլ օբեկտներ են տարվում փոքրիկ կենդանիների վանդակներ և ավելի խոշոր կենդանիների ձայների հնչյունային վերարտադրման համակարգ:
Կենդանաբանական այգին շրջակա միջավայրի մասին գիտելիքների դասավանդումը կազմակերպում է իր ցուցադրությունների միջոցով և անձնական օրինակով: 1997 թվականից այստեղ ներկայացված է «բնապահպանական լաբիրինթոս», որը կարճ արահետ է շրջապատված բարձր թփերով և ցուցատախտակներով, որոնք արտացոլում են Իսրայելի առջև ծառացած բնապահպանական մարտահրավերները: 2010 թվականի գարնանը մեկնարկեց «Wet Side Story» անվանումով ջրային ցուցադրությունը, որի արժեքը 1,5 միլիոն դոլար էր, որտեղ ընդգծվում է ջրի պահպանության նշանակությունը շրջակա միջավայրի վրա և այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է Մերձավոր Արևելքը և աշխարհի շատ երկրներ: Այս ցուցադրությունում ներկայացված են ծովային կենդանական աշխարհի հազվագյուտ և վտանգված նմուշներ, 17 մեծ ակվարիումներում և 2x4 մետր չափերով երեք մեծ ջրային տարողություններում: Բացօթյա տարածքում գտնվում է նաև «կոնտակտային ջրավազան», որտեղ այցելուները կարող էին շփվել և կերակրել կարպ կոյերին:
Իր «կանաչ» քաղաքականությանը համապատասխան, կենդանաբանական այգին ունի հոսող ջրերի մաքրման իր սեփական համակարգը և այգիների ոռոգման նպատակով օգտագործում է վերամշակված ջուր: Սննդամթերքի և կենդանական թափոնների հետ խառնվում են բուսական ծագում ունեցող նյութեր և այդ կոմպոստը օգտագորվծում է որպես պարարտանյութ ծառերի և recnfhybrjd-ի պարարտացման նպատակով: Կենդանաբանական այգին օրգանական պարարտանյութը վաճառում է իր հուշանվերների խանութում: 2006 թվականին խորտկարանների մոտ տեղադրվեցին օգտագործված պլաստիկ շշերի հավաքման արկղեր, իսկ օգտագործված մարտկոցները հավաքվում էին հուշանվերների խանութում: Ջերմոցային գազերի և տրանսպորտային արտանետումների հոսքերի կարգավորման նպատակով կենդանաբանական այգու կողմից սահմանվել է տրանսպորտային միջոցների շարժի համապատասխան գրաֆիկ:
2008 թվականին կենդանաբանական այգին հավաքեց շուրջ 100 միլիոն շեքել, այգու հարևանությամբ 6500 քառակուսի մետր մակերեսով առաջին հանրային ակվարիումը կառուցելու նպատակով: 2017 թվականի սեպտեմբերին կենդանաբանական այգու հարևանությամբ հանրության համար բացվեց նոր տեսարժան վայր, «Իսրայելական ակվարիում» անվանումով: Ակվարիումում կենտրոնացված է Իսրայելի ծովային ողջ կենսաբազմազանությունը, այստեղ ներկայացված է Իսրայելը շրջապատող չորս ծովերի (Կարմիր, Միջերկրական, Գալիլեյան և Մեռյալ), բուսական և կենդանական աշխարհը: Չնայած կենդանաբանական այգու հետ հարևանությանը, այն իրենից ներկայացնում է առանձին զբոսաշրջային վայր:
21-րդ դարի սկզբին Բիբլիական կենդանաբանական այգին համարվում է Իսրայելի տուրիստական գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Dun & Bradstreet (Dun & Bradstreet Israel) ընկերության տվյալներով 2005-2007 թվականներին այն գլխավորում էր երկրում զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող վայրերի ցուցակը, իսկ 2008 թվականին զբաղեցնում էր երրորդ տեղը Մասադայի և Կեսարիայի ազգային պարկերից հետո: 2013 թվականից սկսած այստեղ տարեկան հաճախում է 750000-ից ավելի այցելու: 2009 թվականին կենդանաբանական այգին ուներ շուրջ 55000 մշտական հաճախորդ (անդամակցության քարտ ունեցողներ):
Կենդանաբանական այգու ղեկավարությունը զգալի ջանքեր է գործադրում այգուն վերազգային միջմշակութային նշանակություն տալու ուղղությամբ: Կենդանաբանական այգու աշխատակիցների գրեթե կեսը պաղեստինցի է և ղեկավարությունը նպատակային մեծ չափերի զեղչեր է տրամադրում այգի այցելող արաբ և ծայրահեղ ուղղափառ հրեաների երեխաներին, դրանով նպաստելով հաճախելության մակարդակի բարձրացմանը: Դրա արդյունքում բնակչության այս երկու խմբերից տարեկան կենդանաբանական այգի են այցելում շուրջ 40 հազար երեխաներ: Այգու վարչակազմի կողմից ջանքեր են գործադրվում, որպեսզի չվիրավորեն այցելուների կրոնական համոզմունքները: Այսպես, երբ կենդանաբանական այգու ցուցադրությունը համալրվեց ամերիկյան երկսմբակավոր վարազներով, որոնք արտաքինից շատ նման են խոզերի, որը հուդայականության և իսլամի տեսանկյունից համարվում է պիղծ անմաքուր կենդանի, նրա մեծավանդակի մոտ տեղադրվեց ցուցատախտակ, որի վրա չորս լեզուներով գրված էր «Սա խոզ չէ» և տեղեկություն էր ներկայացված այդ արտասովոր կենդանու մասին: Վերափոխվեց նաև ցուցադրությունների ավստրալիական բաժնի վահանակը, որտեղ նշված էր, որ այդ մայր ցամաքը միլիոնավոր տարիներ առաջ առանձնացել է Ասիայից, որն էլ չէր համապատասխանում աշխարհի ստեղծման աստվածաշնչյան պատմությանը: Կենդանաբանական այգում պահպանվում է կաշրութի ավանդույթը և Փեսախի ժամանակ կենդանիներին հացամթերքների փոխարեն տալիս են մացա, իսկ թռչուններին բրինձ:
Երուսաղեմի Բիբլիական կենդանաբանական այգին մասնակցում է կենդանաբանության, բուսաբանության և շրջակա միջավայրի բնագավառում իրականացվող ազգային և միջազգային գիտահետազոտական նախագծերին և դրանց վերաբերյալ հոդվածներ հրապարակում ամսագրերում և գիտական ժողովածուներում: Անազատության մեջ ապրող կենդանիների ոսումնասիրության իր հիմնադրամից Ահարոն Շուլովը դրամաշնորհներ է տրամադրում կենդանիների պահման պայմանների բարելավման և անասնաբուծական հետազոտությունների իրականացման, կենդանիների վերաինտեգրման, անհետացող տեսակների վերարտադրության, պահպանողական գենետիկայի և էկզոտիկ կենդանիների կերակրման և բժշկական սպասարկման նպատակով: Հիմնադրամը հովանավորվում է Շուլովի ընտանիքի, կենդանաբանական այգու բարեկամների ասոցիացիայի և Երուսաղեմի կենդանաբանական այգու կողմից:
Կենդանաբանական այգին իր տարածքում գտնվող Գաբի կենտրոնը տրամադրում է ակադեմիական սեմինարների և ուսանողական հետազոտությունների անցկացման նպատակով: Կենտրոնը կոչվել է դոկտոր Գաբի Էշկարի հիշատակին, որն ավելի քան 17 տարի եղել է կենդանաբանական այգու գլխավոր տնօրենի տեղակալը և գլխավոր անասնաբույժը և զոհվել է ավտովթարի հետևանքով 2004 թվականին:
Երուսաղեմի Բիբլիական կենդանաբանական այգին համարվում է Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրոպական ասոցիացիայի (EAZA) լիիրավ անդամ: 2009-2012 թվականներին Իսրայելից EAZA-ի Խորհրդի միակ անդամը եղել է կենդանաբանական այգու գլխավոր տնօրեն Շայ Դորոնը, մինչդեռ Շմուլիկ Իյեդվաբը 1995 թվականից համարվում է EAZA-ի «Անհետացող տեսակների եվրոպական ծրագրի», Եվրոպայում և Ասիայում սպիտակապոչ արծվի պոպուլյացիայի համակարգողը: Կենդանաբանական այգին համարվում է նաև Կենդանաբանական այգիների և ակվարիումների Համաշխարհային ասոցիացիայի (WAZA), Կենդանաբանական այգիների Իսրայելական ասոցիացիայի (որի կազմավորմանը նա օժանդակել է) և Տեսակների գծով Միջազգային տեղեկատվական համակարգի (ISIS) անդամ: Անասնաբուժական անձնակազմի աշխատակիցները ամերիկյան ասոցիացիայի անդամներ են, Եվրոպայի անասնաբուժական ասոցիացիայի անդմաներ են:
2009 թվականին կենդանաբանական այգի այցելեցին ռեկորդային թվով 738000 մարդիկ: Կենդանաբանական այգին ակտիվորեն աշխատում էր զբոսաշրջային և դպրոցական խմբերի հետ և ամառային ճամբարներում: Հատու կարիքավոր հրեա և արաբ երեխաների խմբերի համար կազմակերպվում են կենդանիների միջոցով թերապիայի շաբաթական կուրսեր: Լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատելու դեպքում կենդանաբանական այգին կարող է սպասարկել 11000 այցելուի:
Կենդանաբանական այգու գործունեությանը իրենց օժանդակությունն են բերում ավելի քան 50 կամավորներ: Կենդանաբանական այգու երիտասարդական շարժումը կոչվում է Թնուաթ Նոախ (եբր.՝ תנועת נח, «Նոյի շարժում»), որտեղ ընդգրկված են 13-15 տարեկան անչափահաս կամավորականներ, որոնք աշխատում են մանկական կենդանաբանական այգում և խնամում են փոքրիկ կենդանիներին ու թռչուններին: Շարժման մասնակիցները շաբաթը մեկ անգամ հանդիպում են կենդանաբանական այգու աշխատակիցներին և մասնակցում բնական արգելոցներում կազմակերվող արշավներին:
2013 թվականի մարտին թողարկվեց «Կենդանաբանական այգու ուղեցույց» հավելվածը iPhone-ի և iPad-ի համար, որն իր մեջ ներառում էր կենդանաբանական այգու տարածքում գործող GPS նավիգատորը, որն էլ մանրամասն տեղեկատվություն էր տրամադրում կենդանիների մասին (տեքստեր, նկարներ և ձայնագրություններ) և ներկայացնում կերակրման ու միջոցառումների ժամանակացույցը:
Կենդանաբանական այգին բաց է տարվա բոլոր օրերին, բացի Յոմ Կիպուրի (Քավության օր), Յոմ հա Շոաի (Աղետի օր), Յոմ հա Զիկարոնի (Զոհերի հիշատակի օր) հատուկ օրերից: Թու բի-Շվատի ամենանյա ավանդույթը համարվում է ծառերի տնկման միջոցառում: Պուրիմի երկու օրվա ընթացքում անցկացվում են շքերթեր, ընտանեկան հագուստների մրցույթներ, պարանի ձգում Երուսաղեմի Հապոել բասկետբոլային թիմի և փղերից մեկի միջև (փիղը միշտ հաղթում է): Իսրայելի Ընտրությունների օրը կենդանաբանական այգու այցելուներին առաջարկում են քվեարկել իրենց նախընտրած կենդանու օգտին: Ամառվա ընթացքում լուսադեմին կենդանաբանական այգին կազմակերպում է էքսկուրսիաներ գիշերային կենդանիներին այցելելու նպատակով: Դպրոցական արձակուրդների ընթացքում կազմակերպվում են ջազային համերգներ, աճպարարական միջոցառումներ և սեմինարներ:
Կենդանաբանական այգու պլանավորման գլխավոր մամնի, Միջազգային Կենդանաբանական կոմիտեի կազմում ընդգրկված են վայրի բնության պահպանման, կենդանաբանական այգիների կառավարման, կրթության, զբոսաշրջության և էկոնոմիկայի բնագավառի մասնագետներ, որոնց կողմից կազմվել է այգու ընդլայնման գլխավոր պլանը: Կազմվել են նոր նախագծեր կրթական կենտրոնի և Իեմեի Բերշիտ (Արարման օրեր), կոչվող ցուցահանդեսի համար, որտեղ վերարտադրվել են բիբլիական պայմանները, բացառելով ժամանակակից սարքավորումների օգտագործումը: 30 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը պետք է իրականացվի մասնավոր հանգանակությունների միջոցով: