Մասադա (եբր.՝ מצדה, մեցադա — «ամրոց»), հին ամրոց Իսրայելում, Մեռյալ ծովի հարավ արևմտյան ափին, Արադ քաղաքից ոչ հեռու, Էյն-Գեդի, Էյն-Բոկեկ մայրուղու մոտակայքում: Իսրայելի ամենաշատ այցելվող վայրերից մեկն է:
Գտնվում է Հուդայի անապատի ժայռերից մեկի բարձունքում, Մեռյալ ծովի մակարդակից 450 մետր բարձրության վրա: Մ.թ.ա. 25 թ-ին, իդումների հետնորդ Հերովդես I Մեծ թագավորը, որը ընդունել էր հուդայականություն, այստեղ կառուցեց ապաստան իր և իր ընտանիքի համար՝ զգալիորեն ամրացնելով և վերակառուցելով այստեղ գոյություն ունեցած մ. թ. ա. 37-31 թվականներին կառուցված հասմոնյան ժամանակաշրջանի ամրոցը: Ամրոցում պահպանվել են սննդամթերքի և զենքի բավականին պաշարներ, անցկացվել է կատարյալ ջրամատակարարման համակարգ, գործել են հռոմեական տիպի բաղնիքներ: Ամրոցն օգտագործվել է նաև արքայական ոսկիների պահպանման նպատակով:
Բոլոր կողմերից Մասադան շրջապատված է ուղղաբերձ ժայռերով: Ծովի կողմից դեպի վեր ձգվում է այսպես կոչված օձի արահետը: Արևմուտքից ամրոց կարելի է բարձրանալ հռոմեացիների կողմից կառուցված արհեստական հողաթմբի միջոցով (մոտավորապես 30 րոպեում): Ժայռի գագաթը զարդարում է գրեթե հարթ սեղանակերպ սարահարթ, մոտավորապես 600 մետրը 300-ի վրա: Սարահարթը շրջապատված էր 1400 մետր ընդհանուր երկարությամբ ամրոցի հզոր պատերով, որոնք ունեին շուրջ 4 մետր հաստություն, իսկ դրանց վրա կառուցված էին 37 աշտարակներ: Սարահարթում կառուցվել էին պալատներ, սինագոգեր, զինապահեստներ, անձրևաջրերի հավաքման և պահպանման հորեր և այլ օժանդակ կառույցներ:
Ամրոցում ներկայումս պահպանվել են Հերովդես թագավորի պալատը, սինագոգը, խճանկարների բեկորներ, ժայռերի մեջ փորված ջրի հորեր, սառը և տաք բաղնիքներ և շատ այլ հնություններ:
Առավել արտասովոր գտածոներից մեկը սինագոգն է: Ենթադրվում էր, որ հրեաները սինագոգի կարիք չունեին քանի դեռ նրանք ունեին Տաճար: Մասադան վերակառուցվել է Երկրորդ Տաճարի գոյության ընթացքում, սակայն սինագոգն այնուամենայնիվ կառուցվել է: Բացի այդ սինագոգ է հայտնաբերվել նաև Գամլայի ավերակներում: Սա ապացուցում է, որ հին հրեաների մոտ սինագոգերի գոյությունը կախված չէր Տաճարի առկայությունից:
Օձի արահետի սկզբում կառուցված է ավտոկայանատեղի: Կա զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն, որտեղից կարելի է գնել տոմսեր ամրոց այցելելու և ճոպանուղով վեր բարձրանալու համար: Տեղեկատվական կենտրոնում բացվել է թանգարան, որտեղ ցուցադրվում են հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները: Ամրոցում կազմակերպվում են համերգներ և տարբեր զանգվածային մշակութային միջոցառումներ:
Մ. թ. ա. 66 թվականին Մասադան գրավում են ապստամբ զելոտները` ոչնչացնելով այնտեղ գտնվող հռոմեական կայազորը: Մ. թ. ա. 67 թվականին Մասադայում բնակություն հաստատեցին հռոմեացիների դեմ ապստամբությունը ղեկավարած արմատական կողմի ներկայացուցիչները` սիկարիները, որն էլ հանգեցրեց երկարատև Հուդայական պատերազմի: Մ. թ. ա. 66 թվականին հռոմեական լեգիոնների կողմից Երուսաղեմը գրավելուց հետո Մասադան մնում է ապստամբների վերջին պատվարը: Ամրոցի պաշտպանների թիվը հազիվ հասնում էր հազար մարդու, ներառյալ կանայք և երեխաները, բայց նրանք պահեցին Մասադան ևս երեք տարի: Շուրջ 9000 ստրուկներ ճանապարհ էին կառուցում և հող էին կրում ամրոցի շուջը պաշարման հողապատնեշ և պարսպակործան մեքենաների համար հարթակ կառուցելու նպատակով: Երբ հռոմեացիներին հաջողվեց հրկիզել սիկարիների կողմից փայտե գերաններից կառուցված լրացուցիչ ներքին պաշտպանական պատը, Մասադայի ճակատագիրն արդեն վճռված էր:
Հովսեփոս Փլավիոսի գրքի համաձայն՝ նիսանի 15-ի գիշերը (Պահքի տոնի առաջին օրը) Էլազար բեն Յաիրը հրեաների առաջ կրակոտ ճառ արտասանեց և նրանց կոչ արեց նախընտրել զոհվել ազատ քաղաքացի, քան ենթարկվել տանջալից և ամոթալի ստրկության (հատված Մասադայի անկման գիշերը Էլիզար բեն Յաիրի ճառից (Իոսիֆ Ֆլավիա, Հուդայական պատերազմ, VII, 320—336)):
Գոտեպնդվեք, հերոսներ, պահպանեք ձեզ փառքով: Մենք արդեն վաղուց որոշել ենք չենթարկվել ո՛չ հռոմեացիներին, ո՛չ էլ այլ տիրակալների, բացի մեկից, Աստծուց, քանի որ միայն նա է մարդկության ճշմարիտ և արդար թագավորը: Եվ հիմա եկել է ժամանակը, որ կատարենք մեր ուխտը: Այս պահին մենք չենք խայտառակվելու, քանի որ մեր հոգին նախկինում էլ խորշում էր ստրկությունից, թեև այդ ժամանակ ստրկությունը մեզ չէր սպառնում այսպիսի հրեշավոր վտանգներով: Մենք կամովին չենք տրվի ստրկությանը և այն վտանգավոր տանջանքներին, որ սպասում են մեզ: Մենք մեզ հռոմեացիների առաջ չենք խայտառակի, նրանց կենդանի չենք հանձնվի: Մենք առաջինն էինք ապստամբել նրանց դեմ և վերջինը կթողնենք մարտադաշտը: Տերը մեզ մեծ ողորմածություն է ընձեռել, զոհվել հերոսի մահով, ինչը չի տրվել հանկարծակի գերի ընկած մեր եղբայրներին: Մենք գիտենք, թե ինչ է սպասվում մեզ վաղը, մեզ իրավունք է տրվել ընտրել հերոսի փառահեղ մահը, նրանց հետ ովքեր հարազատ են մեզ: Թող մեր կանայք մեռնեն առանց խայտառակվելու և մեր որբերը չճաշակեն ստրկության դառնությունը: Այնուհետև մենք կծառայենք միմյանց, իրար կընձեռենք վերջին ողորմածությունները, և ինչը կարող է ավելի թանկ լինել քան պատվաբեր ազատությունը: Բայց մինչև մեր մահը, մենք կրակին կտանք մեր ունեցվածքը և ամրոցը: Ես ստույգ գիտեմ, որ հռոմեացիները կհիասթափվեն, տեսնելով որ մեզ կենդանի չեն վերցրել և խաբվել են շահ ստանալու իրենց նկրտումներում: Միայն սննդամթերքի պաշարները չենք ոչնչացնի, որ դրանք վկայեն, որ մենք չենք տառապել սովից կամ ջրի պակասից, բայց գերադասել ենք մահը ստրկությունից, ինչն էլ նախապես որոշել էինք: |
Իր նկարագրությունում Հովսեփոս Փլավիոսը հիմնվում է երկու կանանց պատմածի վրա, որոնք պատսպարվել էին քարայրում հինգ երեխաների հետ և պատմել էին հռոմեացիներին, թե ինչպես են տղամարդիկ սպանել իրենց կանանց ու երեխաներին, այնուհետև վիճակահանությամբ միմյանց:
…այնուհետև նրանք վիճակահանությամբ ընտրեցին այն տասը տղամարդկանց, ովքեր պետք է սպանեին մնացածին: Այս մարդիկ անսարսուռ սրախողող էին անում բոլորին մեկ առ մեկ: Այնուհետև նրանք վիճակահանություն էին անցկացնում, թե ով պետք է սպանի իր ինը ընկերներին և վերջում ձեռք բարձրացնի իր վրա: Այսպիսով նրանք բոլորն էլ մահացան՝ վստահ լինելով, որ իրենցից հետո ոչ մեկը կենդանի չի թողել որևէ մեկին, որին հռոմեացիք կարող են անարգանքի ենթարկել: Հաջորդ օրը, երբ հռոմեացիք մտան Մասադա, գտան սպանվածների կույտերը, բայց չուրախացան՝ տեսնելով մեռած թշնամիներին, այլ միայն լուռ քարացան, զարմանալով նրանց ոգու մեծության և մահվան հանդեպ անխորտակելի արհամարհանքով» (VII, 9,1): |
960 պաշարվածներից վերջինն այրեց ամրոցը և ինքնասպանություն գործեց: Այսպիսով ոչնչացվեց հրեական դիմադրության վերջին օջախը: Մասադայի տարածքում տեղակայվեց հռոմեական լեգիոնը:
Հրեական և հռոմեական պատմական քրոնիկների համադրումը, ինչպես նաև ամրոցի տարածքում հայտնաբերված հնագիտական գտածոները, այդ թվում վիճակահանությամբ նրանց կամքի վերջին 10 կատարողների անուններով քարե վահանակը ուղղակիորեն վկայում են այդ մասին:
Ամրոցի ավերակներն առաջին անգամ հայտնաբերվել են 1862 թվականին: Հիմնական պեղումները կատարվել են 1963-1965 թվականներին: 1971 թվականից Մասադայում գործում է ճոպանուղի, որը ժայռի ստորոտը միացնում է նրա գագաթի հետ: Ժայռերի արևելյան կողմից ամրոցի դարպասներ կարելի է բարձրանալ նաև ոտքով «օձի արահետով»:
Ամրոցի տարածքում է գտնվում բյուզանդական տաճարի ավերակները: 19-րդ դարի վերջերից սկսած հետազոտող Մարի Ժոզեֆ Լագրանժը (Marie-Joseph Lagrange, 1855-1938 թվականներ) առաջարկեց տաճարի ավերակները նույնականացնել Մարդայի մայրավանքի հետ: Նույն տեսակետը պաշտպանել են հայտնի հետազոտողներ Delau, Abel-ը, Festugièr-ը, Chitty, Hirschfeld-ը:
Ամրոցի տարածքում գտնվող եկեղեցին կառուցվել է Եուֆիմուս Մեծի կողմից և գոյություն է ունեցել մինչև Կիրիլ Սկիֆոպոլսկու ժամանակաշրջանը (մոտավորապես 550 թ.): 6-րդ դարի կեսերից նշված եկեղեցու տեղում գտնվել է մեկ այլ եկեղեցի, որի ավերակները հայտնաբերվել են ամրոցի հնագիտական պեղումների ժամանակ: Հավանաբար հենց այդ ժամանակ էլ Մասադայի վանական համալիրը դարձավ մայրավանք: 6-րդ և 7-րդ դարերում (մոտ 580-600 թվականներ) մայրավանքի գոյությունը նկարագրել է երանելի Յոհան Մոսխը:
Մեռյալ ծովից ոչ հեռու մի շատ բարձր լեռ կա, որը կոչվում է Մարես (լատ. թարգմանությամբ Մարդես — Ս.), որտեղ բնակվում էին ճգնավորները: Մեռյալ ծովի ափին գտնվող այդ լեռան ստորոտից վեց մղոն հեռավորության վրա նրանք ունեին բանջարանոց և այնտեղ վարձով այգեպան էին պահում: Ամեն անգամ, երբ ճգնավորները բանջարեղենի (լատ. թարգ. ձկնապտուղ. — Ս.), կարիք էին ունենում նրանք ուղարկում էին էշին այգեպանի մոտ նրան ասելով «Գնա ներքև այգեպանի մոտ և վերադարձիր բանջարեղենով»: Էշը մենակ գնում էր բանջարանոց, կանգնում դարպասի մոտ և աքացի տալիս: Այգեպանը նույն պահին բարձում էր բանջարեղենը և էշին բեռով ետ ուղարկում: Ամեն օր կարելի էր տեսնել թե էշն ինչպես է լեռան լանջով վեր ու վար անում և հնազանդորեն ծառայում ճգնավորներին: |