Միհրիմահ սուլթան մզկիթ (թուրք.՝ Mihrimah Sultan Camii) կամ Իսքելե մզկիթ (թուրք.՝ İskele Camii), 16-րդ դարի սուննի մզկիթ, որը գտնվում է Ստամբուլի ասիական հատվածում՝ Յուսքյուդար շրջանում:
Միհրիմահ մզկիթը համարվում է Յուսքյուդար շրջանի ամենահայտնի
տեսարժան վայրերից մեկը: Իր երկրորդ անվանումը՝ Իսքելեն, ստացել է իր
գտնվելու վայրի անվանումից: Մզկիթի մոտակայքում գտնվում է
նավակառամատույցը (թուրք.՝ İskele: Մզկիթը
երկու համալիր մզկիթներից մեկն է (երկրորդը գտնվում է Էդիրնեքափըում),
որը կառուցվել է օսմանյան սուլթան Սուլեյման I Քանունու և Հյուրեմ
սուլթանի դստեր Միհրիմահ սուլթանի հովանավորությամբ: Մզկիթի նախագիծը
մշակվել է օսմանյան հայտնի ճարտարապետ Միմար Սինանի կողմից: Մզկիթը
կառուցվել է 1546-1548 թվականներին: Մզկիթում նկատվում են օսմանյան
ճարտարապետական ոճի վաղ շրջանին բնորոշ առանձնահատկությունները: Այդ
առանձնահատկություններից են մզկիթի ընդարձակությունը, բարձր կամարակապ
հիմքերը, գեղակազմ մինարեթները, գլխավոր գմբեթի շուրջը կառուցված են
երեք կիսագմբեթներ և ունի լայն երկմաս սյունասրահ: Ժամանակակիցների
կարծիքով, մզկիթը հիշեցնում է «շրջազգեստով կնոջ, ով մեկնվել է երկրի
վրա»:
Մզկիթի համալիրի կազմում մտնում են բուն մզկիթը, մեդրեսեն, մեքթեբը
(տարրական դպրոց), հիվանդանոցը, իմարեթը (խոհանոց) և քարվան-սարայը:
Մեդրեսեն գտնվում է համալիրի հյուսիսային հատվածում: Ներկայումս
այնտեղ տեղակայված է առողջության կենտրոն: Տարրական դպրոցը գտնվում է
համալիրի այն հատվածում, որի ուղղությամբ գտնվում է Մեքքան:
Հիվանդանոցի մասնաշենքը, խոհանոցը և քարվան-սարայը չեն պահպանվել:
Թաբհանեն (հյուրատունը) այրվել է 1772 թվականին տեղի ունեցած հրդեհի
արդյունքում: Մզկիթի և մեդրեսեի մասնաշենքերի միջև ընկած տարածքում
պահպանվել են Միհրիմահի և Ռուստեմ փաշայի երկու որդիների
գերեզմանները: Մզկիթից ոչ շատ հեռու գտնվում է Ահմեդ III սուլթանի
շատրվանը, որը կառուցվել է 1728 թվականին:
Պատկերասրահ
Յուսքյուդարի Միհրիմահ սուլթան մզկիթը
|
|
Տես նաև
- Միհրիմահ սուլթան մզկիթ (Էդիրնեքափը)
Արտաքին հղումներ