Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարան (ռուս.՝ Московский музей современного искусства, MMoMA), գեղարվեստի քաղաքային թանգարան Մոսկվայում: Բացվել է 1999 թվականի դեկտեմբերի 15-ին: Ռուսաստանի առաջին հանրային քաղաքային թանգարանն է, որն ամբողջությամբ մասնագիտացված է 20-21-րդ դարերի արվեստի մեջ:
Թանգարանը բացվել է 1999 թվականի դեկտեմբերի 15-ին Մոսկվայի կառավարության և Մոսկվայի մշակույթի քաղաքային վարչության աջակցությամբ: Թանգարանի հիմնադիր-տնօրեն է դարձել Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին: Թանգարանի հավաքածուի համար հիմք է հանդիսացել Զուրաբ Ծերեթելու անձնական հավաքածուի 20-րդ դարի արվեստագետների ավելի քան 2000 ստեղծագործություններ: Հետագայում թանգարանային ֆոնդը զգալիորեն հարստացել է. հավաքածուն շարունակաբար ընդլայնվում է գնումների և նվերների հաշվին:
Թանգարանը գտնվում է Մոսկվայի կենտրոնում: Թանգարանի հիմնական շենքը, որտեղ ներկայացվում են մշտական ցուցադրություններն ու ժամանակավոր ցուցահանդեսներ, տեղավորված է Պետրովկա փողոցում գտնվող վաճառականական Գուբինի նախկին առանձնատանը, որը համարվում էր 18-րդ դարի հուշարձան, կառուցել էր ռուս ճարտարապետ Մատվեյ Կազակովը: Թանգարանի ենթակայության ներքո կան երկու ցուցահանդեսային տարածքներ՝ Երմոլաևյան նրբանցքի հինգ հարկանի շենքը և Տվերսկոե բուլվարի ընդարձակ պատկերասրահը: Թանգարանը ցուցահանդեսներ է կազմակերպում նաև Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ժամանակակից արվեստի պետական թանգարանում (Գոգոլի բուլվար 10) և Բոլշոյ գրուզինսկոյ 15 հասցեում գտնվող Զուրաբ Ծերեթելու թանգարան-արվեստանոցում:
Թանգարանի հավաքածուն ներառում է 20-րդ դարի ռուս դասական վաղ ավանգարդիզմի ներկայացուցիչների աշխատանքները, որոնցից շատերը ձեռք են բերվել աճուրդի ժամանակ, եվրոպական և ամերիկյան պատկերասրահներից, հայրենադարձվել են արտերկրից: Ներկայացված են Կազիմիր Մալևիչի, Մարկ Շագալի, Նատալյա Գոնչարովայի, Միխայիլ Լարինովի, Ալեքսանդր Էքստերի, Արիստարքոս Լենտուլովի, Վլադիմիր Տատլինի, Պավել Ֆիլոնովի, Վասիլի Կանդինսկու գեղանկարները, Ալեքսանդր Արխիպենկոյի, Օսիպ Ցադկինի քանդակները: Թանգարանում ներկայացված են նաև վրացի նկարիչ Նիկո Փիրոսմանիի աշխատանքները:
Ցուցադրության տպավորիչ մի բաժին նվիրված է 1960-1980-ական թվականների նկարիչ-նոնկոնֆորմիստներին: Դրանք այն վարպետների աշխատանքներն են, որոնք գործել են «ընդհատակյա», իսկ այժմ հայտնի են Ռուսաստանում և արտերկրում, այդ թվում` Իլյա Կաբակովը, Անատոլի Զվերևը, Վլադիմիր Յակովլևը, Վլադիմիր Նեմուխինը, Վիտալի Կոմարը, Ալեքսանդր Մելամիդը, Դմիտրի Կրասնոպևցևը, Լեոնիդ Շվարցմանը, Սերգեյ Ալֆյորովը, Կորյուն Նահապետյանը և այլք:
Թանգարանն աջակցում է Ռուսաստանում ժամանակակից արվեստի զարգացմանը և շարունակ համալրում է իր հավաքածուն: Հավաքածուում ներկայացված են Բորիս Օռլովի, Դմիտրի Պրիգովի, Ֆրանսիսկո Ինֆանտեի, Օլեգ Կուլիկի, Ալեքսանդր Բրոդսկու, Աիդան Սալախովայի, Վլադիմիր Դուբոսարսկու, Ալեքսանդր Վինոգրադովի, Վիկտոր պիվովարովի, Կոնստանտին Զվեզդոչյոտովի, Անդրեյ Վարտենևի, Սերգեյ Չեսնոկով-Լադիժենսկու, Յուրի Շաբելնիկովի և այլոց աշխատանքները: