Պետական պատմական թանգարան (ռուս.՝ Государственный исторический музей), ազգային պատմական թանգարան Ռուսաստանում: Թանգարանի հավաքածուն արտացոլում է Ռուսաստանի պատմությունն ու մշակույթը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը :
Գտնվում է Մոսկվայի Կարմիր հրապարակի հյուսիսային կողմում: Թանգարանին են պատկանում նաև հարակից դրամահատարանի և Մոսկվայի քաղաքային դումայի շենքերը:
1895 թվականի մայիսից մինչև 1917 թվականը թանգարանը պաշտոնապես կոչվել է «Ալեքսանդր III-ի անվան ռուսական կայսերական պատմական թանգարան»:.
Ալեքսանդր III-ի անվան ռուսական կայսերական պատմական թանգարանը հիմնադրվել է 1872 թվականի փետրվարի 21-ին կայսեր Ալեքսանդր II-ի հրամանով` 1872 թվականին կազմակերպված պոլիտեխնիկական ցուցահանդեսի կազմակերպիչների խնդրանքով: Այդ ցուցահանդեսի Ղրիմի պատերազմին նվիրված ցուցանմուշները կազմել են թանգարանի առաջին հավաքածուն: Թանգարանի կառավարմանն է փոխանցվել նաև Չերտկովի գրադարանը:
Մոսկվայի քաղաքային խորհուրդը 1874 թվականի ապրիլին թանգարանի կառուցման համար հողատարածք է հատկացրել Մոսկվայի Կարմիր հրապարակում, նախկին գավառական կարգերի շենքի տարածքում (17-րդ դար): Ըստ մրցութային նախագծի` թանգարանի շենքը պետք է կառուցվեր 16-րդ դարի ռուսական ճարտարապետության ոճով, որպեսզի համապատասխանի Կարմիր հրապարակի համալիրի ճարտարապետությանը:
Մրցույթի արդյունքում նախապատվությունը տրվել է ճարտարապետ Վլադիմիր Շերվուդի և ինժեներ Անատոլի Սեմյոնովի նախագծին: 1878 թվականին Շերվուդը թողել է նախագիծը և շինարարությունը գլխավորել է Ալեքսանդր Պոպովը:
Նա ավարտել է թանգարանի շինարարությունը, մշակել է շենքի աշտարակների ինժեներական նախագիծը և 11 ցուցասրահների գեղարվեստական ձևավորումը` հենվելով Ալեքսեյ Ուվարովի դիզայնի վրա: Պատմա-ճարտարապետական հուշարձան համարվող շենքը կառուցվել է 1875-1881 թվականներին: Թանգարանի Սուզդալյան ցուցասրահի ներքին հարդարանքները իրականացվել են 1890-ական թվականներին ճարտարապետ Պյոտր Բոյցովի նախագծով: Թանգարանն այցելուների համար բացվել է 1883 թվականի մայիսի 27-ին:
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո թանգարանը վերանվանվեց «Ռուսական պետական պատմական թանգարան»: Նոր իշխանությունները կազմավորեցին ժողովրդական կոմիսարիատի հատուկ հանձնաժողով թանգարանի վերակազմակերպման համար: 1921 թվականի փետրվարից թանգարանը կոչվում է Պետական պատմական թանգարան:
1922 թվականին թանգարանին է միացել 1840-ական թվականների Մոսկվայի կենցաղային թանգարանը: 1928 թվականին որպես մասնաճյուղեր թանգարանին են միացվել ազգայնացված և փակված եկեղեցիներ և այլ կառույցներ` «Վասիլի Երանելու տաճար-թանգարանը», Սուրբ երրորդություն եկեղեցին, Կոլոմենսկոյե գյուղի ճարտարապետական հուշարձանների թանգարանը, Պաֆնուտև-Բորովսկի տաճարի թանգարանը, Սուդակ քաղաքի ամրոցը, Ալեքսանդրովյան տաճարի թանգարանը, 1932 թվականին` Ռոմանովների պալատը, 1934 թվականին` Նովոդևիչի վանքը:
1928 թվականին թանգարանի աշխատանքները ուղղված են եղել կոմունիստական պրոպագանդայի տարածմանը: 1930-1940 թվականներին իրականացվել է թանգարանի վերակազմավորման ծրագիր բոլշևիկյան գաղափարախոսությանը համապատասխան: 1936-1937 թվականներին Հոկտեմբերյան հեղափոխության 20-ամյակի հետ կապված ցուցանմուշների բացման ժամանակ շատ զարդանկարներ ու սրահների ներքին հարդարանքի մասնիկներ ոչնչացվել են: 1935 թվականին շենքի աշտարակներից ապամոնտաժվել են երկգլխանի արծիվները, առյուծների հերալդիկ ֆիգուրները և միաեղջյուրները: 1950 թվականին ճարտարապետ Անդրեյ Բուրնովի նախագծով ձևափոխվել է թանգարանի մի քանի սրահների ճարտարապետական դիզայնը:
1986 թվականին թանգարանը փակվել է հիմնանորոգման նպատակով: Իրականացվել են տեխնիկական աշխատանքներ թանգարանը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար: 1990 թվականին իրականացվել են շենքի վերականգնման և ներքին հարդարանքների լայնածավալ աշխատանքներ: Վերականգնման աշխատանքներն ավարտվել են 1997 թվականին և թանգարանի գլխավոր աշտարակների վրա տեղադրվել են երկգլխանի ոսկե արծիվների կրկօրինակները:
2003 թվականին ցածր աշտարակների վրա կրկին տեղադրվել են առյուծներն ու միաեղջյուրը:
ՌԴ նախագահի 1991 թվականի դեկտեմբերի 18-ի հրամանագրով թանգարանն ընդգրկվել է Ռուսաստանի մշակութային ժառանգության արժեքավոր կառույցների ցանկում: 1994 թվականին կառավարության որոշմամբ թանգարանն ստացել է կրթական-հետազոտական մշակութային հաստատության կարգավիճակ: Պետական պատմական թանգարանը դարձել է ՌԴ բոլոր պատմական թանգարանների առաջատար կենտրոնը:
1993 թվականին թանգարանի կազում ընդգրկվել են նաև Լենինի անվան թանգարանը և Մոսկվայի քաղաքային խորհրդի շենքը:
1996 թվականին թանգարանային հավաքածուն կազմված է եղել 4 373 757 ցուցանմուշներից:
2008 թվականին թանգարանի աշխատակազն արժանացել է «Գիտության խորհրդանիշ» մեդալի: