Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային թատրոն (պորտ.՝ Theatro Municipal do Rio de Janeiro), օպերայի և բալետի թատրոն Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա): Կառուցվելէ 1907 թվականին, վերակառուցվել է 1975-1978 թվականներին: Նորվերածննդյան ոճով կառուցված թատրոնը զարդարում են Էնրիկե Բերնարդելլիի քանդակները և Ռոդոլֆո Ամոէդուի և Էլիսեու Վիսկոնտիի գեղանկարչական աշխատանքները: Տեղավորում է 2357 հանդիսական:
19-րդ դարի երկրորդ կեսին Ռիո դե Ժանեյրոյի թատերական կյանքը վերելք էր ապրում, սակայն քաղաքի երկու հիմնական թատրոնները` Տեատրո Սան-Պեդրոն և Տեատրո Լիրիկոն, չէին համապատասխանում ինչպես հասարակության, այնպես էլ` դերասանների պահանջներին: 1894 թվականին դրամադուրգ Արթուր Ազևեդուն արշավ է կազմակերպում Կոմեդի ֆրանսեզի նմանությամբ քաղաքային թատրոն կառուցելուն աջակցելու համար: Սահմանվում է նոր քաղաքային հարկ, սակայն հավաքված միջոցներն այդպես էլ նպատակի համար չեն օգտագործվում:
Քաղաքային թատրոն ունենալու մասին միտքը նորից աջակցություն է ստանում 20-րդ դարի սկզբին, և պրեֆեկտ Պերեյրա Պասսուսը մրցույթ է հայտարարում թատերական շենքի լավագույն նախագծի համար: 1904 թվականի մարտին ներկայացվում է յոթ նախագիծ: Հավասար ձայներ են ստանում երկու նախագիծ, որոնց հեղինակները, ինչպես հետագայում պարզվում է, եղել են բրազիլացի Ֆրանսիսկու դե Օլիվեյրա Պասսուսը (պրեֆեկտի որդին) և ֆրանսիացի ճարտարապետ Արլբերտ Գիլբերը: Քաղաքային ղեկավարությունը մամուլի կողմից մեղադրվում է կողմնապահության և արդյունքները կեղծելու համար, և 1973 հանդիսական տեղավորող վերջնական նախագիծն իրենից ներկայացնում էր երկու հեղինակների աշխատանքների համադրությունը:
Շինարարական աշխատանքներն սկսվում են 1905 թվականի հունվարի 2-ին և շարունակվում են մինչև 1909 թվականի հուլիս: Թատրոնի նոր շենքի ձևավորման վրա աշխատում էին հայտնի քանդակագործ Էնրիկե Բերնարդելլին և նկարիչներ Ռոդոլֆո Ամոէդուն և Էլիսեու Վիկսոնտին, խճանկարների և վիտրաժների ստեղծման համար հրավիրվում են եվրոպացի վարպետներ: Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային թատրոնը բացվում է 1909 թվականի հուլիսի 14-ին, Բրազիլիայի նախագահ Նիլու Պեսանյայի կողմից: 1934 թվականին Ռիո դե Ժանեյրոյի բնակչության թվի աճով պայմանավորված թատրոնն ընդարձակվում է` տեղավորելով 2205 հանդիսական: Վերակառուցման աշխատանքները տևում են ընդամենը 3 ամիս: Ավելի ուշ հանդիսասրահի տեղերի թիվը հասնում է 2361-ի: 1975-1978 թվականներին թատրոնը փակվում է հիմնական վերակառուցման համար: 1996 թվականին, երբ թատրոնի չափերը կրկին բավարար չէին բնականոն աշխատանքի համար, սկսվում է ադմինիստրատիվ կարիքների և փորձերի համար անհրաժեշտ օժանդակ կորպուսի շինարարությունը: 2008 թվականին, թատրոնի 100-ամյակի շեմին, կրկին միջոցներ են հատկացվում ընդհանուր վերանորոգման համար, և թատրոնը փակվում է 18 ամիս ժամկետով: Վերանորոգված շենքը բացվում է 2010 թվականի մայիսին:
Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային թատրոնը գտնվում է Բրազիլիայի նախկին մայրաքաղաքի մշակութային կենտրոնում, Սինելանդիա հրապարակում, Բրազիլիայի ազգային գրադարանի և Գեղեցիկ արվեստների ազգային թանգարանի մոտ: Թատրոնը կառուցված է նորվերածննդյան ոճով, ընդհանուր գծերով հիշեցնում է Գրանդ օպերայի շենքը Փարիզում: Շենքի դիմացը տեղադրված են Ռոդոլֆո Բերնարդելլիի Երաժշտության և Պոեզիայի արձանները: Արձանների միջև գտնվում է Ռիո դե Ժանեյրոյի գերբը` թատրոնի շինարարության ամսաթվով: Եզրազարդերի վրա ոսկե տառերով գրված է Theatro Municipal: Տանիքին առկ է կենտրոնական ապակե գմբեթ` ոսկե արծիվով: Արծվի բացված թևերի չափերը հասնում են 6 մետրի: Ֆասադի երկու կողմերում տեղադրված են Ռոդոլֆո Ամոէդոյի կողմից քանդակված գմբեթներով զարդարված ռոտոնդաներով: Ռոտոնդների ֆրիզների վրա ոսկե տառերով փորագրված են բրազիլական ու համաշխարհային թատերական գործիչների` Վերդիի, Գոմեսի, Գյոթեի, Մարտինսի, Վագների և Մոլիերի անունները: Շինության դիմացը տեղակայված են Պարի, Երգի, Ողբերգության և Կատակերգության արձանները:
Շենքի ներս տանող երեք բրոնզե դռների վերևում կա մարմարե բալկոն և մուսաներից մեկի պատկերով վիտրաժ:
Եռաշարք հանդիսասրահը տեղավորում է 2357 հանդիսական: Վերանորոգումից հետո կաշվե նստարանները ծածկվել են կարմիր թավիշով, իսկ հատակի դարչնագույն ծածկը հանվելով է` բացելով ի սկզբանե արված փայտե մանրահատակը:
Հանդիսասրահի կոմպոզիցիայի կենտրոնն է վարագույրը, որը կոչվել է «արվեստի ազդեցություն քաղաքակրթության վրա»:
Քաղաքային թատրոնի մեկ այլ տեսարժան վայրերից է առաջին հարկում գտնվող Assírius ռեստորանը, որի ձևավորումը նպատակ ունի հիշեցնել հին Բաբելոնն ու Պարսկաստանը: Սրահի պատերը զարդարված են խճանկարով, որոնք պատկերում են տեսարաններ «Գուարանի», «Տոսկա», «Էլեկտրո», «Զիգֆրիդ», «Սիրանո դե Բերժերակ», «Օթելլո», «Ֆաուստ» օպերաներից.