Ռոսգարտենյան դարպասներ (գերմ.՝ Roßgärter Tor), Կալինինգրադի պահպանված յոթ քաղաքային դարպասներից մեկը: Գտնվում է Չերնյախովսկու և Ալեքսանդր Նևսկու փողոցների խաչմերուկում, Վասիլևսկու հրապարակի և Սաթի թանգարանի կողքին:
Դարպասների ներկայիս շենքը գտնվում է նույն տեղում, որտեղ տեղակայված են համանուն դարպասները և քաղաքի առաջին հողապատնեշի ամրությունները (17-րդ դարի սկիզբ):
Մինչև մեր օրերը պահպանված դարպասների շենքը կառուցվել է 1852-1855 թվականներին ճարտարագետ-հաուպտման և ամրոցի շինարարության տնօրեն Իրֆյուգելբրեխտի և ճարտարագետ-լեյտենանտ ֆոն Հայլի նախագծով: Դարպասի ճակատային մասի նախագիծը մշակվել է գաղտնի գերագույն շինարար-խորհրդական Ավգուստ Շտյուլերի կողմից, որը ղեկավարում էր Բեռլինի դեպուտացիայի Տեխնիկական շինարարությունը: Քանդակագործական զարդանախշերի հեղինակն է Վիլհելմ Լյուդվիգ Շտյուրմերը:
Դարպասների առաջին նախագիծը մշակվել է 1852 թվականին Քյոնիգսբերգի ամրոցաշինական գերատեսչության կողմից: Այդ նախագիծը զգալի լրամշակման է ենթարկվել գաղտնի խորհրդական Շտյուլերի կողմից: Շտյուլերը ինքն է լրամշակել նաև ճակատային մասի նախագիծը` դրան տալով վառ արտահայտված գոթական ոճ:
Պատերազմից հետո դարպասները վերականգնվեցին և սկսեցին օգտագործվել որպես «Արևային քար » սրճարան-ռեստորան:
Դարպասները ունեն ընդամենը մեկ անցում չորս մետր լայնությամբ: Անցման երկու կողմերում տեղակայված են երեք կազեմատներ: Այսպիսով դարպասի ճակատը բաղկացած է յոթ որմնախորշերից: Քաղաքի կողմից կազեմատները ունեն պատուհաններ, արտաքին կողմից հրակնատներ:
Դարպասի ճակատային մասի վերևում տեղակայված են ատամնաշարային հանգույցներ, որոնք բաժանված են երկու մասի և կենտրոնական մասում բարձրացված են: Կողքից կենտրոնական մասը շրջապատված է երկու բարձր ութանկյուն աշտարակներով, որոնք ավարտվում են դեկորատիվ մաշիկուլներով: Աշտարակների միջև տեղակայված է բարձր կամար, որը խորհրդանշում է դարպասների մուտքը: Կամարի վրա տեղակայված է դիտահրապարակ, որը շրջապատված է ատամնաշարային հանգույցով: Կամարների աջ և ձախ կողմերով անցնում են կամարաշարեր, որոնք հենվում են սյուների վրա:
Հիմնական կամարի երկու կողմերում տեղակայված են երկու մեդալիոն-դիմանկարներ, որոնք պատկերում են պրուսական գեներալներ Շարին հորստին և Գնեյզենաուին:
Չնայած դարպասների քաղաքի կողմը նայող հատվածը գեղեցիկ ձևավորված և զարդարված է, բայց արտաքին կողմից դեկորատիվ զարդարանք չունի: Արտաքին կողմից անցումը փակված է ամրոցիկով, որտեղից կարելի է շրջանաձև կրակ բացել ինչպես հրացաններից, այնպես էլ հրետանուց և պահականոցից, որի որմանցքերից կարելի է կատարել ճակատային և կողային կրակոցներ: Պահականոցն ուներ լայն բացվող դարպասներ: Պահականոցի դիմաց կար խրամուղի, որի վրա գցված էր բարձրացվող կամրջակ: 1972 թվականից Ռոսգարտենյան դարպասներն աստիճանաբար վերականգնվեցին: