Սանտա Սուսաննա (իտալ.՝ Chiesa di Santa Susanna alle Terme di Diocleziano), կաթոլիկ տիտղոսակիր եկեղեցի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Տեղակայված է Կվիրինալ բլրի վրա, Սանտա Մարիա դելա Վիտտորիա եկեղեցու դիմաց։ Սանտա Սուսաննան կառուցվել է նախկին տիտղոսակիր եկեղեցու տեղում, որը թվագրվում էր 280 թվականին։ Ներկայիս եկեղեցին վերակառուցվել է 1585-1603 թվականներին Կառլո Մադերնայի գլխավորությամբ։ Եկեղեցին հանդիսանում է ԱՄՆ կաթոլիկների ազգային եկեղեցին։ Այն բարոկկո ճարտարապետության վառ օրինակ է։
Մոտավորապես 280 թվականին այս վայրում հիմնադրվել է քրիստոնեական պաշտամունքի շինություն, որը ինչպես և վաղ քրիստոնեական վայրերը, իրենցից ներկայացնում էին տներ (domus ecclesiae)։ Տունը պատկանել է հայտնի քրիստոնյա եղբայրներ Գայիոսին և Գաբինոսին։ Գայիոսը նույնանում էր Գայիոս պապի և Գաիյոս Հռոմեացու հետ, որը վաղ քրիստոնեության տեղեկության աղբյուրն է։ Գաբինոսն էլ առասպելական Սանտա Սուսաննայի հայրն էր։ Վաղ փաստացի տեղեկություններում նա ներկայացված է եղել որպես եկեղեցու պաշտպան այլ ոչ թե նահատակ։ Նախկինում՝ 4-րդ դարի փաստաթղթերում եկեղեցուն անվանել են «Դիոկլետիանոսի բաղնիքների Գաիյոս» կամ "ad duas domos" (երկու տների մոտ) անուններով։
Սանտա Սուսաննան Հռոմ քաղաքի ամենահին անուններից մեկն է։ Վաղ քրիստոնեական եկեղեցին կառուցվել է երեք հռոմեական տների ավերակների վրա, որնք դեռևս տեսանելի են եկեղեցու տակ։ Դրանք գտնվել են Դիոկլետիանոսի բաղնիքների և Սերվիյան Պատի անմիջապես կողքին։ Ըստ ավանդության եկեղեցին կանգնեցվել է Սուսաննայի տան տեղում, որտեղ և նա նահատակվել է։ Ըստ այդմ եկեղեցին նվիրվել է նրան։ Սուսաննան նահատակվել է իր ընտանիքի հետ միասին, այն պատճառով, որ մերժել է ամուսնանալ Դիոկլետիանոս կայսեր որդու հետ։ Այս առաջին եռաթև բազիլիկը գրեթե անկասկած կառուցվել է Լևոն III Պապի օրոք (795–816թթ․)։
Ըստ ավանդության կառույցը եկեղեցի է դարձել 330 թվականին Կոստանդիանոս I կայսեր օրոք։ Բազիլիկը T-աձև էր, ուներ կենտրոնական նավ՝ յուրաքանչյուր կողմում 12-ական սյուներ։ 16-րդ դարի կառույցում առկա ենթաթևերի տեղում ներկայիս եկեղեցու երկու կողմնային կապելլաներ են։ Սարգիս I Պապը վերականգնել է եկեղեցին 7-րդ դարի վերջում, սակայն Լևոն III Պապը, որը եղել է այս եկեղեցու քահանան, վերակառուցում է եկեղեցին 796 թվականին, ավելացնելով բարձր աբսիդ, և նկուղում ամփոփում սրբերի մասունքները։ Հսկայական խճանկարը, որում պատկերված է եղել Քրիստոսը Լևոն III Պապի և Կառլոս Մեծի կողքին, և մյուս կողմում՝ Սանտա Սուսաննան և Ֆելիցատա Հռոմեացին, ավիրվել է 12-րդ դարում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ։ Ինտերիերը ամբողջովին վերանորոգվում է 1585-1602 թվականներին և պատվում է ֆրեսկոներով Չեզարե Նեբբիայի կողմից։
Մնում էր ավարտին հասցնել տրավերտինե ֆասադը։ Կառլո Մադերնայի համար Սանտա Սուսաննայի կառուցումը առաջին անկախ ներդրումն էր Հռոմում։ Նա այդ ժամանակ օգնում էր իր ազգակից Դոմենիկո Ֆոնտանային, որը Սիքստոս V Պապի օրոք գլխավոր ճարտարապետ էր։ 1603 թվականին Մադերնան ավարտում է Սանտա Սուսաննայի ֆասադը, որն արված է բարոկկո ոճով։ Մուտքը և տանիքը ամբողջանում են եռանկյունաձև ճակտոններով, պատուհանները փոխարինված են խորշերով, իսկ սյուների միջև տեղադրված են վերևում՝ Գայիոս Պապի և Գաբինոսի արձանները (հեղինակ՝ Ջիովանի Անտոնիո Պարակեա), իսկ ստորին հատվածում՝ Սանտա Սուսաննայի և Սանտա Ֆելիցատայի արձանները (հեղինակ՝ Ստեֆանո Մադերնա)։
Սանտա Սուսաննա եկեղեցին այնքան հաջողված էր համարվում, որ 1605 թվականին, որ Պողոս V Պապը ճարտարապետ Մադերնոյին նշանակեց Սուրբ Պետրոսի տաճարի ճարտարապետ, որտեղ վերջինս ավարտին հասցրեց նավն ու կառուցեց հսկայական ֆասադը։
Եկեղեցին բաղկացած է մեկ նավից, ունի շրջանաձև աբսիդ, որը տարածվում է երկու կողմնային կապելլաների վրա։ Կենտրոնական նավի ֆրեսկոները Բալդասարե Կրոչեի աշխատաnքներն են, որոնցում ներկայացված են վեց տեսարաններ Սուսաննայի կյանքից (ըստ Դանիել Մարգարեի գրքի)։ Աբսիդի կողմնային ֆրեսկոներում տեսարաններ են, թե ինչպես է Մաքսիմիանոս կայսրը (285—305թթ․) սպառնում Սանտա Սուսաննային, որին պաշտպանում է հրեշտակը։ Աջ կողմում նորից պատկերված է Սուսաննան։ Նա մերժում է երկրպագել Յուպիտերին։ Աբսիդի գմբեթի ֆրեսկոներում (հեղինակ՝ Չեզարե Նեբբիա) Սուսաննան շրջապատված է հրեշտակներով։ Ավագ խորանի ֆրեսկոյում, որում պատկերված է նրա գլխատումը, Թոմմասո Լաուրետիի աշխատանք է։
Մարիամ Աստածածնի կապելլայում կան երկու ֆրեսկոներ, որոնցում պատկերված են Բենեդիկտ Նուրսիացին և Բերնարդ Կլերվիացին։
Դոմենիկո Ֆոնտանան կառուցել է ձախակողմյան երկրորդ կողմնակի կապելլան՝ Սիքստոս V Պապի քրոջ Կամիլլա Պերետիի պատվերով։ Կապելլան նվիրված է Սուրբ Լավրենտիոսին։ Նկարները արվել են Ջիովաննի Բատիստա Պոցցոյի (1563–1591թթ․) կողմից։ Բեմի պատկերի հեղինակն է Չեզարե Նեբբիան։ Նրանում ներկայացված է Սուրբ Լավրենտիոսի նահատակությունը։
Պրեսբիտերիումը ձևավորված է երկու ֆրեսկոներով։ Ձախ կողմում Բալդասարե Կրոչեն պատերել է Սուրբ Գաբինոսի նահատակությունը, իսկ աջ կողմում Պարիս Նոգարին ներկայացրել է Սանտա Ֆելիցատայի և նրա յոթ որդիների նահատակությունը։
Նավի և պրեսբիտերիումի արժեքավոր առաստաղը պատրաստված է գունագեղ ոսկեզօծ փայտից, որն արվել է ըստ Կառլո Մադերնայի էսքիզների։