Տոռես Էլ Ֆարո (իսպ.՝ Torres El Faro թարգմանաբար նշանակում է Փարոսի աշտարակներ), փոխկապակցված զույգ երկվորյակ երկնաքերներից կազմված բարձրաբերձ բնակելի համալիր Արգենտինայի մայրաքաղաք և խոշորագույն քաղաք Բուենոս Այրեսի Պուերտո Մադերո շրջանի հարևանությամբ: Երկնաքերներն ունեն 160 մետր բարձրություն և մինչև վերջերս համարվում էին Բուենոս Այրեսի ամենաբարձր կառույցները:
Աշտարակների շինարարությունը սկսվել և ավարտվել է տարբեր ժամանակներում, առաջինի կառուցումն ավարտվել է 2003, երկրորդինը՝ 2005 թվականին: Երկուսի բնակարաններն էլ շատ կարճ ժամանակամիջոցում վաճառվել են: Շինարարությունում գործածվել են ուժեղացված բետոն, հատուկ ամրության ապակի, ալյումին:Ըստ նախագծերի՝ երկվորկյակ շենքերը պետք է ունենային 170 մետր բարձրություն, 48 հարկ սակայն շրջակա միջավայրի պահպանության հետ կապված հիմնախնդիրների պատճառով որոշում է ընդունվել կանգ առնել 160 մետրի վրա և բավարարվել 46 հարկով:
Զույգ երկնաքերները միմյանց հետ կապված են օդային չորս կամուջներով: Այս խոշոր բնակելի համալիրն ունի ընդհանուր առմամբ 57190 քառակուսի մետր մակերես, 160 բնակարան, արտաքին ջրավազաններ, spa, սաունա, մարզադահլիճներ, ստորգետնյա երկու ավտոկայանատեղի՝ բնակիչների և հյուրերի ավտոմեքենաների համար և բազում այլ հարմարություններ; Երկու երկնաքերները իրար կապող օդային ամենաբարձր կամրջի վրա գործում է նաև գրադարանը:
Շրջակայքում ևս ստեղծվել ու գործում են սննդի, տրանսպորտային, մշակութային բազմաթիվ օբյեկտներ՝ մի քանի ռեստորան, եկեղեցի, շուկաներ (ընդ որում՝ դրանցից մեկը՝ անտիկ), մետրոյի կայարան, գրախանութ; Մոտակայքում կա նաև գետային նավահանգիստ, մի փոքր ավելի հեռվում՝ պահպանության տակ գտնվող անտառաշերտ: