Ժամանակակից արվեստի թանգարան (անգլ.՝ Museum of Modern Art, կրճատ` MoMA), ժամանակակից արվեստի առաջին թանգարաններից մեկը: Ունենալով ընդգրկուն հավաքածու` նմանատիպ շատ թանգարանների համար չափանիշ է հանդիսանում: ԱՄՆ-ի` այցելուների թվով երրորդ թանգարանն է, մտնում է աշխարհի ամենաբարձր հաճախելիություն ունեցող թանգարանների 20-յակի մեջ: 2013 թվականին թանգարան է այցելել 3.066.337 մարդ: Նյու Յորքի տեսարժան վայրերից է:
Թանգարանը հիմնադրվել է 1928 թվականին Մանհեթենի գրասենյակային տարածքների վեց սրահներում Ռոքֆելլերների ընտանիքի աջակցությամբ: Թանգարանի առաջին տնօրենը եղել է արվեստագետ Ալֆրեդ Բարրը:
Թանգարանի հավաքածուի մեջ են մտնում այնպիսի ստեղծագործություններ, առանց որոնց դժվար է պատկերացնել 20-րդ դարի արվեստը: Այդպիսիք են Վան Գոգի «Աստղալից գիշեր», Անրի Մատիսի «Պար», Պաբլո Պիկասսոյի «Ավինյոնի աղջիկները», Սալվադոր Դալիի «Հիշողության հարատևություն», Բրինկուշիի «Թռչունը տարածության մեջ» գործերը:
Թանգարանի ներկայիս շենքի շինարարությունը սկսվել է 1939 թվականին: 1950-ական թվականներին այն ինտերնացիոնալ ոճով վերակառուցել է Ֆիլիպ Ջոնսոնը: 1980-ական և 2000-ական թվականների վերանորոգումների արդյունքում թանգարանի մակերեսը մեծացել է մի քանի անգամ:
1947 թվականին թանգարանը պայմանագիր է կնքել Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հետ, որի համաձայն` արվեստի գործերը, որոնք ժամանակակից արվեստից անցնում են դասականի մեջ, անցնում են Մետրոպոլիտեն թանգարանին: Եթե վեց տարի հետո պայմանագիրը չչեղարկվեր, ապա Ժամանակակից արվեստի թանգարանը կկորցներ իր հավաքածուի բազմաթիվ գործեր, որոնք վերածված կլինեին ժամանակակից արվեստի դասական գործերի: