Բեռլինի եգիպտական թանգարան (գերմ.՝ Ägyptisches Museum und Papyrussammlung), Բեռլինի պետական թանգարաններից մեկը: 2009 թվականից եգիպտական թանգարանը մտնում է Թանգարանային կղզում վերականգնված Նոր թանգարանի կազմի մեջ: 2009 թվականից թանգարանի տնօրենն է եգիպտագետ Ֆրիդերիկ Զայֆրիդը:
Եգիպտական թանգարանի հիմքը եղել է Ֆրիդրիխ Վիլհելմ 3-րդի եգիպտական հավաքածուն, որ ստեղծվել է 1828 թվականին Ալեքսանդր Հումբոլդտի պատվերով: Այս բաժանմունքի առաջին ղեկավարը եղել է Ջուզեպե Պասալակվան, ով Տրիեստի առևտրական էր: Հենց նրա հնագիտական գտածոներն էլ կազմել են հավաքածուի հիմքը: Հավաքածուն համալրվել է Կառլ Ռիխարդ Լեփսիուսի արշավախմբի ցուցանմուշներով (1842-1845):
1850 թվականին Մոնբիժու պալատից հավաքածուն տեղափոխվում է նոր շենք, որ կառուցվել էր Թանգարանային կղզում ֆրիդրիխ Շտյուլերի նախագծով: 1920 թվականին գերմանական թանգարանների հովանավոր Ջեյմս Սիմոնը թանգարանին նվիրում է Նեֆերտիտիի կիսանդրին` հավաքածուի ամենահայտնի ցուցանմուշը: Սիմոնը հովանավորել էր պեղումները, որ եգիպտական Էլ-Ամառնա քաղաքում ղեկավարում էր Լյուդվիգ Բորհարդը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թանգարանի ֆոնդերը բաժանվել են: Նոր թանգարանը 1943 թվականին կրում է լուրջ վնասներ. շատ ցուցանմուշներ այրվում են հրդեհից: Ցուցանմուշները փրկելու համար դրանք ուղարկում են տարբեր տեղեր: Օրինակ` Նեֆերտիտիի կիսանդրին պահվել է Մերկերսի ածխահորերից մեկում:
Հավաքածուի մեծ մասը հայտնվում է Արևելյան Բեռլինում, իսկ 1958 թվականից ցուցադրվում Բոդե թանգարանում: Մյուս մասը ցուցադրվում է Արևմտյան Բեռլինում` Շտյուլերովի շենքում:
Գերմանիայի վերամիավորումից հետո միանում են և եգիպտական հավաքածուի երկու մասերը: 1990-ական թվականներին Բոդե թանգարանի եգիպտական ցուցադրությունը փակվել էր շենքի վերակառուցման պատճառով: 2005 թվականի օգոստոսին Շառլոտենբուրգի ցուցադրությունը վերադարձվում է Թանգարանային կղզու հին թանգարան, որտեղ 2009 թվականից ցուցադրվել են ոչ մեծ չափերի ցուցանմուշները: Նոր թանգարանը տարածքի անհամապատասխանության պատճառով ևս չի կարող ցուցադրել մեծածավալ ցուցանմուշները, օրինակ` Կալաբշի տաճարի դռները: Թանգարանային կղզու զարգացման հեռանկարի համաձայն՝ ծրագրվում է նոր՝ չորրորդ մասնաշենքի կառուցումը: