Ռոնդանե ազգային պարկ (նորվ.՝ Rondane nasjonalpark), ազգային պարկ Նորվեգիայի կենտրոնական մասում` Ռոնդանե լեռնազանգվածի մոտ: Նորվեգիայի առաջին ազգային պարկն է, հիմնադրվել է 1962 թվականին: 2003 թվականին պարկի տարածքը զգալիորեն ընդլայնվել է. ներկայումս այն կազմում է 963 կմ²: Պարկի տարածքում կան 2.000 մ և ավելի բարձրություն ունեցող 10 լեռնագագաթներ: Նրանցից ամենաբարձրը Ռոնդեսլոտեն է (2178 մ): Պարկում ապրում են հյուսիսային եղջերուներ, որոնց քանակը պարկում մեծագույններից է ողջ Նորվեգիայում:
Ռոնդանեի բնապատկերին բնորոշ են սահուն ուրվագծերով լեռնազանգվածները, որոնք հիշեցնում են նախկին սառցակալման մասին: Ներկայումս Ռոնդանեում ոչ բավարար տեղումների պատճառով չկան սառցադաշտեր: Գործնականում պարկի ողջ տարածքը գտնվում է անտառային տարածքներից վերև. անտառները գտնվում են 1000-1100 մ բարձրությունում: Պարկի ստորին հատվածներում միայն կարելի է տեսնել կեչիներ: 1.500 մ-ից ավելի բարձրություններում հանդիպում են միայն քարաքոսեր:
Պարկը բացվել է 1962 թվականի դեկտեմբերի 21-ին` մոտավորապես 10 տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո: Սկզբում այն բնության պահպանվող տարածքի կարգավիճակ ուներ: Պարկի տարածքը 580 կմ² էր: Նրա ձևավորման նպատակն է եղել «շրջակա միջավայրի պահպանությունը իր էկոհամակարգով, բույսերի, կենդանիների և մշակութային ժառանգության պահպանումը, ինչպես նաև հետագա սերունդների համար հանգստի գոտու ձևավորումը»: 2003 թվականին պարկը գրեթե երկու անգամ ընդարձակվել է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ և արևելք հյուսիսային եղջերուների պահպանության նպատակով: Բացի դրանից` Ռոնդանեի հարավում ձևավորվել է Դովրե ազգային պարկը, որի հարավային սահմանը բաժանվում է Ռոնդանեի հյուսիսային սահմանից 1 կմ-ով:
Նորվեգական զբոսաշրջային միավորումը գործում է փոքր տնակների համակարգով: Ամբողջ պարկի տարածքում թույլատրված է մարդու ազատ տեղաշարժը, ինչպես նաև վրաններ խփելը` բացի փոքր տնակների մերձակայքից: Պարկ կարելի է հասնել ավտոճանապարհով, որն ավարտվում է պարկի մուտքի մոտ: Ռոնդվանտե լիճ կարելի է հասնել արահետով: